HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհետ կորածների ծնողները Գլխավոր դատախազություն դիմումներ հանձնեցին. նրանք դեռ չունեն տուժողի իրավահաջորդի կարգավիճակ

Այսօր՝ մարտի 27-ին, 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա են արել։ Բողոքի պատճառը, նրանց խոսքով, քննչական մարմինների անգործությունն է։ Երկուսուկես տարի անց այս մարդիկ դեռ չունեն տուժողի իրավահաջորդի կարգավիճակ, ինչը նրանց թույլ կտա ծանոթանալ իրենց կորած հարազատների գործերի քննության ընթացքին։

Նույնաբովանդակ երկու դիմումներից մեկը բողոքի մասնակիցները  փոխանցեցին Գլխավոր դատախազության ներկայացուցչին, մյուսը պահեցին իրենց մոտ։ Դիմումով նրանք պահանջում են պարզել պատասխանատու անձանց անգործության պատճառը, միջոցներ ձեռնարկել իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, անհապաղ գործողություններ իրականացնել մարդկանց անհետանալու հանգամանքները և գտնվելու հավանական վայրը պարզելու համար։ Պահանջում են նաև մանրամասն տեղեկություն տրամադրել մինչ այս պահը կատարված աշխատանքի վերաբերյալ։ 

Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է պատերազմում, իսկ եղբորորդին անհետ կորած է։ Դիմումը հանձնելով Դատախազության ներկայացուցչին՝ նա հավաքվածներին զգուշացրեց․ «Ուշադիր եղեք, որ ներկայացուցիչը ստորագրի երկու դիմումն էլ։ Գրեք ամիս-ամսաթիվը և ձեր օրինակը պահեք ձեզ մոտ, որ հետո չասեն՝ չենք ստացել»։ 

Դատախազության ներկայացուցիչը՝ Մարուշ Ղարամանյանը, և բողոքի ակցիայի մասնակիցները մտան Դատախազության ընդունարան։ Շատերը Քննչական կոմիտեից երբևէ պատասխան չէին ստացել, անգամ չգիտեին՝ իրենց կորած հարազատի գործով որևէ մեկը զբաղվո՞ւմ է։ 

«Արդեն մեկ ամիս փորձում եմ կապ հաստատել Քննչականի հետ, չի ստացվում։ Տղայիս անունը սկզբում հավանական գերիների ցուցակում էր, հիմա տարել են անհետ բացակայողների ցուցակ, բայց չգիտեմ՝ ինչն է պատճառը», - ասում է Նազիկ Շահբազյանը՝ անհետ կորած Սամվել Կնյազյանի մայրը։

Գլխավոր դատախազության այլ ներկայացուցիչ, Մարուշ Ղարամանյանից բացի, ծնողներին չհանդիպեց։  Նա էլ ասաց, որ ինքը պատասխանատու է միայն փաստաթղթերի պատշաճ մուտքագրման համար։

«Իմ գործն այն է, որ այս դիմումները հասնեն գլխավոր դատախազին, ուրիշ որևէ միջամտության կամ խոստումի իրավունք չունեմ։ Եթե նույն բնույթի են դիմումները, բնականաբար, գնում են նույն վարչություն, բայց պարտադիր չէ, որ բոլորի գործով նույն դատախազը զբաղվի՝ դիմումները շատ են», - հավաքվածներին բացատրեց Մարուշ Ղարամանյանը։ Նա հավելեց, որ դիմումների ընթացքի վերաբերյալ ծնողները կարող են տեղեկություններ ստանալ համապատասխան վարչություններից։

Անահիտ Սվարյան

Հետք Մեդիա Գործարանի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter