
Հայաստանի օդային հաղորդակցությունը 2022 թ. ամենաակտիվը եղել է ռուսական քաղաքների հետ
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) տվյալների համաձայն՝ 2022 թ. Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանները կանոնավոր չվերթերի միջոցով օդային կապ են ունեցել արտասահմանյան 45 քաղաքների հետ:
Այդ քաղաքները գտնվում են Եվրոպայում, Ռուսաստանի եվրոպական ու ասիական հատվածներում, Միջին Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում: Պետությունները, որոնք ներկայացնում են 45 քաղաքները, 22-ն են՝ Ավստրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բելառուս, Բելգիա, Եգիպտոս, Գերմանիա, Թուրքիա, Իսրայել, Իտալիա, Իրան, Լեհաստան, Լիբանան, Լիտվա, Կիպրոս, Հունաստան, Ղազախստան, Մոլդովա, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան, Քաթար, Ֆրանսիա: Բնականաբար, սրանք բոլոր երկրները չեն, որոնց հետո նախորդ տարվա ընթացքում մեր երկիրն օդային ճանապարհով կապվել է, քանի որ տարվա ընթացքում եղել են նաեւ ոչ կանոնավոր չվերթեր:
«Հետքը» ՔԱԿ-ից ստացել է արտասահմանյան այն 21 քաղաքների ցանկը, որոնց հետ ՀՀ ուղեւորափոխադրումների ծավալը կազմել է նվազագույնը շուրջ 50 հազ. ուղեւոր: Բնականաբար, այդ 21 քաղաքների մեծ մասի կապը եղել է ՀՀ գլխավոր օդային դարպասի՝ «Զվարթնոցի» հետ: Գյումրու «Շիրակն» այդ 21-ից կապ է ունեցել Մոսկվայի, Սոչիի, Միներալնիե Վոդիի եւ Դոհայի հետ, սակայն ուղեւորահոսքը գերազանցապես եղել է Մոսկվայի հետ:
Մոսկվան ավանդաբար առաջատար ուղղություն է հայկական շուկայի համար: Եթե նախորդ տարի «Զվարթնոցի» ու «Շիրակի» միջոցով տեղափոխվել է ընդհանուր 3.698.256 ուղեւոր, ապա դրանցից 1.315.264-ը կամ 36 տոկոսը հենց Մոսկվա մեկնած կամ այնտեղից Հայաստան ժամանած ուղեւորներն են: Իհարկե, սրա մեջ իր դերն է ունեցել նաեւ 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը, որի հետեւանքով բազմաթիվ ռուսաստանցիներ են եկել մեր երկիր:
Հայաստանի հետ օդային ուղեւորափոխադրումների երկրորդ հորիզոնականում Սոչին է. մեր երկրից մեկնածների ու ժամանածների ընդհանուր թիվը՝ 254.600: Երրորդ տեղում կրկին ռուսական քաղաք է՝ Միներալնիե Վոդին. տեղափոխված ուղեւորների քանակը՝ 140.449:
Լավագույն 10-յակում են Վիեննան, Դուբայը, Շարմ էլ Շեյխը, Փարիզը, Թբիլիսին, Վարշավան, Թեհրանը:
Սրանց հաջորդում են Սանկտ Պետերբուրգը, Աթենքը, Մայնի Ֆրանկֆուրտը, Դոհան, Ստամբուլը, Քիշնեւը, Լառնական, Հուրգադան, Շարժան, Եկատերինբուրգը, Աբու Դաբին: Վերջին երկուսի հետ ՀՀ ավիաուղեւորափոխադրումների ծավալը 2022 թ. չի հատել 50. հազ. ուղեւորի շեմը, սակայն մոտ է եղել դրան:
Քանակական տվյալներին կարող եք ծանոթանալ քարտեզում՝ սեղմելով նշանների վրա: Ներկայացված թվերը ներառում են ուղեւորափոխադրումների ծավալները թե՛ «Զվարթնոցի», թե՛ «Շիրակի» հետ:
Լուսանկարում՝ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահը (օդանավակայանի ֆեյսբուքյան էջից)
Մեկնաբանել