HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Կիպրոս. մինչ այս կայացած 6 խաղից 4-ում հաղթել են կղզեբնակները

Այսօր՝ ժամը 19:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը: Քանի որ այս երկու ընտրանիներն ընդգրկված են «Եվրո-2024»-ի ընտրական այն խմբերում, որոնցում ներառված է 5-ական թիմ, այսօր նրանք ազատ են ընտրական փուլի հանդիպումներից, հետեւաբար հնարավորություն է ընձեռնվել ընկերական խաղ կազմակերպել: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին ընդգրկված է «Եվրո-2024»-ի ընտրական 4-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիան, Ուելսը, Թուրքիան եւ Լատվիան: Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, կսկսվեն Թուրքիա-Խորվաթիա եւ Ուելս-Լատվիա հանդիպումները: Կիպրոսն էլ ընդգրկված է 1-ին խմբում, որտեղ ներառված են նաեւ Իսպանիան, Նորվեգիան, Շոտլանդիան ու Վրաստանը: Եթե առաջին տուրում Հայաստանը սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել է Թուրքիային, ապա Կիպրոսը արտագնա խաղում 0-3 հաշվով պարտվել է Շոտլանդիային:

ՀՖՖ-ն արդեն ներկայացրել է այսօրվա հանդիպմանը մեր ընտրանու վերջնական հայտացուցակը: Նախորդ հանդիպման համեմատ կազմում են Արթուր Սերոբյանն ու Ժիրայր Շաղոյանը, ինչպես նաեւ թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը: 

Հայաստան-Կիպրոս հանդիպումն սպասարկելու է Դումիտրու Մոնտեանը (Մոլդովա)։ Նրա օգնականներն են Վադիմ Վիկոլը (Մոլդովա) եւ Անատոլի Բասիուլը (Մոլդովա), 4-րդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը (Հայաստան)։

Այս պահին մեր հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 95-րդն է, իսկ Կիպրոսը՝ 110-րդը: 

Մինչ օրս Հայաստանն ու Կիպրոսը միմյանց հանդիպել են 6 անգամ, որոնցից 2-ը պաշտոնական խաղեր են եղել:

Թիմերի ճանապարհներն առաջին անգամ խաչվել են «Եվրո-1996»-ի ընտրական փուլում: 1994-ի հոկտեմբերի 8-ին Երեւանում գրանցվել է 0-0, իսկ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 16-ին, Լիմասոլում դաշտի տերերն առավելության են հասել 2-0 հաշվով: 2000 թ. փետրվարի 4-ին Կիպրոսի մրցաշարի շրջանակներում մեր թիմը Նիկոսիայում զիջեց մրցաշարի կազմակերպիչներին 2-3 հաշվով: Մերոնցից աչքի ընկան Արթուր Պետրոսյանն ու Արման Քարամյանը: Հարկ է նշել, որ Կիպրոսի մրցաշարում ավանդաբար մրցավարական կողմնապահություն է եղել հօգուտ Կիպրոսի, ինչից տուժել է նաեւ Հայաստանի ընտրանին: Այս մրցաշարում Կիպրոսին հանդիպել ենք նաեւ 2006 թ. մարտի 1-ին Լիմասոլում ու պարտվել 0-2 հաշվով: Մրցաշարի շրջանակներից դուրս մեկ ընկերական խաղ է կայացել 2007 թ. սեպտեմբերի 8-ին Ախնասում, որում կղզեբնակները հաղթել են 3-1 հաշվով: Մերոնցից աչքի է ընկել Ռոբերտ Արզումանյանը: Վերջին ընկերական հանդիպումը կայացել է 2017 թ. նոյեմբերի 13-ին Երեւանում: Հայկ Իշխանյանի, Վարազդատ Հարոյանի ու Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ մեր թիմն առավելության է հասել 3-2 հաշվով:

Այսպիսով՝ մինչ օրս կայացած 6 խաղերից 1-ում հաղթել է Հայաստանի հավաքականը, 1-ում գրանցվել է ոչ-ոքի, իսկ մնացած 4-ում հաղթել է Կիպրոսը: Գոլերի հարաբերակցությունը՝ 12-6՝ հօգուտ Կիպրոսի: 

Հայաստանի ընտրանին այսօր հնարավորություն ունի ոչ միայն փորձարկումներ անել, ինչի մասին նախախաղային ասուլիսում խոսել է նաեւ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, այլեւ հաղթանակի հասնել ու փոքր-ինչ փոխել իր բացասական վիճակագրությունը Կիպրոսի հետ խաղերում: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter