Տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի «Զուգահեռ երգեր» երգաշարի պրեմիերան
Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Նարեկացի արվեստի միության դահլիճում երաժշտական պրեմիերա է: Առաջին անգամ Երևանում կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համադիր երգերի «Canti Paralelli» («Զուգահեռ երգեր») երգաշարը, որ մաեստրոն ավարտել է միայն 2012թ.:
Շարքի վոկալ պարտիան կկատարի սոպրանո Շուշիկ Պարսումեանը (ԱՄՆ), իսկ դաշնամուրայինը՝ կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ավանեսովը (Հայաստան): Համերգին անձամբ ներկա կլինի և մեկնաբանություններով ու վերլուծությամբ հանդես կգա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Դաշնամուրի և վոկալի համար գրված այս երգաշարը ստեղծված է հայ դասական պոեզիայի առանձին բանաստեղծական նմուշներն իրար հետ զույգերով զուգահեռաբար համադրելու միջոցով: Շարքի մեջ զետեղված են Պաղտասար Դպիրի (1.ա.) «Տաղ կորուսեալ սիրելոյ», (1.բ.) «Վասն սիրոյ», Եղիշե Չարենցի (2.ա.) «Կապույտ լճի վրա», (2.բ.) «Եվ մի իրիկուն», Ավետիք Իսահակյանի (3.ա.) «Իմ հոգին», (3.բ.) «Լեռների վրա ձնել է...», Վահան Տերյանի (4.ա.) «Աշնան երգ», (4.բ.) «Իմ խաղաղ երեկոն» բանստեղծությունները:
Կոմպոզիտորն ինքն է աղերսել ի սկզբանե առանձին ու ինքնուրույն բանաստեղծական այս կտորները: Դրանք, ըստ նրա ընթերցման, ունեն բանաստեղծական լեզվի ու կառույցի ոճային, հանգային ու բովանդակային ներքին, փոխլրացնող ընդհանրություններ, որոնց հիման վրա էլ դրանք փողհամակցվել են՝ փոխադրվելով երաժշտական տեսանկյունից ամբողջական երգաշարի: Սրանից էլ բխում է երգաշարի առանձին մասերի վերնագրման թվանվանագրային համակարգը, որտեղ «1.», «2.», «3.», «4.» թվականներն անվանում են լրիվ զուգախմբերը, իսկ «ա.», «բ.» տառերը՝ դրանց բաղադրիչ մասերը:
«Նարեկացի»-ում նախանշված պրեմիերայի հաջորդ օրը՝ հունիսի 14-ին, գործը նաև կհնչի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում անցկացվող «Դիլիջան» երաժշտական փառատոնի համատեքստում, բայց այս անգամ՝ առանց Տիգրան Մանսուրյանի մեկնաբանությունների: Փառատոնին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 20 աշխարհահռչակ մենակատար, որոնց թվում՝ ալտահար Քիմ Քաշքաշյանը, թավջութակահար Անտոնիո Լիսինը, թավջութակահար Ռոհան դե Սարամը, բարիտոն Վլադիմիր Չերնովը, ջութակահար Մովսես Պողոսյանը և այլք: Այս մասին հայտնում է ՆԱՄ հասարակայնության հետ կապերի ղեկավար Դավիթ Իսաջանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել