HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարճատեսություն, կատարակտ, գլաուկոմա, շլություն. պատմում է ակնաբույժ Վարսիկ Հակոբյանը

«Լավանդա» ակնաբուժական կենտրոնի գլխավոր բժիշկ, ակնաբույժ Վարսիկ Հակոբյանը կարճատեսության, կատարակտի, գլաուկոմայի, աչքերի լազերային կորեկացիայի և այլնի մասին։

Ե՞րբ դիմել ակնաբույժին

Ակնաբույժին դիմում են, եթե կա աչքի հետ կապված ցանկացած գանգատ, հրատապ է, եթե այդ գանգատը հանկարծակի է առաջացել և չի անցնում, եթե կա տեսողության հանկարծակի վատացում, եթե տեսադաշտում կան առկայծումներ, լույսեր, պղտորումներ կամ նեղացումներ։

Պետք է դիմել, եթե ընտանիքում կա աչքի խնդիր ունեցող որևէ մեկը. կարճատես է, աչքի ճնշում ունի, ցանցաթաղանթի որևէ հիվանդություն և այլն, քանի որ հիվանդությունները հաճախ ժառանգական են լինում, և նրանց վաղ հայտնաբերումն արդյունավետ բուժման նախապայմանն է։

Պրոֆիլակտիկ ստուգումներ

Եթե ընտանիքում կան աչքի հիվանդություն ունեցող մարդիկ, որոնց հիվանդությունը կարող է ժառանգաբար փոխանցվել, պետք է պրոֆիլակտիկ ստուգվել, օրինակ՝ հաճախ հանդիպող հիվանդություններն են՝ աչքի ճնշումը, կարճատեսությունը, ցանցաթաղանթի մակուլյար դեգեներացիան (հիվանդություն, որը կարող է բերել պղտորված տեսողության կամ տեսադաշտի կենտրոնում տեսողության կորստի, հեղ.),  շաքարային դիաբետը և այլն։ Կարճատեսության դեպքում փոքրիկներին պետք է պրոֆիլակտիկ ստուգել, որ ավելի թույլ, վատ տեսնող աչքը չծուլանա և դրա հետևանքով թեքվի, շլություն առաջանա։

Եթե աչքերի մեջ կա տարբերություն՝ անիզոմետրոպիա, օրինակ՝ մի աչքը նորմալ է, մյուսը -3 է, այդ դեպքում, եթե մենք փոքրուց չենք շտկում, չենք հասնում նրան, որ երկու աչքն էլ լիարժեք տեսնեն, վատ տեսնող աչքը ծուլանում է, և եթե սպասենք, որ երեխան մեծանա, ինքը հասկանա, որ լավ չի տեսնում, դառնա 20 տարեկան, նոր այդ խնդիրը վերացնի, հնարավոր է, արդեն չստացվի բուժել, վերականգնել տեսողությունը։

Տեսողության ֆունկցիան զարգանում է մինչև 12-15 տարեկան։ Դրա համար տեսողական խնդիրները պետք է հայտնաբերել վաղ տարիքում, հասնել նրան, որ երկու աչքն էլ 100% տեսնեն, որ լինի երկաչյա՝ բինօկուլյար տեսողություն, որպեսզի թույլ տեսնող աչքը չծուլանա և շլություն չառաջանա։ 

Եթե տեսողությունն այդ տարիքից հետո արդեն չի լինում լավացնել, բայց լինու՞մ է պահպանել այն, ինչ որ կա։

Այո’, պահպանել հնարավոր է, էլի՝ կորեկցիայով։ Եթե բուժառուն ակնոց կամ կոնտակտային ոսպնյակ չի կրում, այդ աչքի տեսողությունն աստիճանաբար նվազում է։ Եթե  տեսողության սրությունը 30%-ից պակաս է, այդ աչքը կարող է թեքվել։ Հետագայում ուշացած շլության վիրահատությունը կլինի անարդյունավետ։

Ոլորտի առավել հաճախ հանդիպող միֆերն ու կարծրատիպերը որո՞նք են։ 

Մինչև հիմա կարծրատիպ կա, նույնիսկ բժիշկների մոտ, երբ ակնոցը նշանակում են ոչ լիարժեք տեսողության համար, որ իբր աչքն աշխատի։ Եթե երեխայի մոտ տեսողության խնդիրն ամբողջությամբ չի շտկվում, կարճատեսությունն ավելի արագ է աճում։ 

Միֆ է, որ կարճատեսը հետագայում՝ տարիքի հետ կապված, կսկսի լավ տեսնել. կարճատեսը մնում է կարճատես ամբողջ կյանքում, պարզապես 40-45-ից հետո, ինչպես  բոլորի մոտ, այնպես էլ կարճատեսի մոտ առաջանում է տարիքային հեռատեսություն (մոտը լավ չեն տեսնում)։ Կարճատեսն իր 100% կորեկցված ակնոցով հեռուն շարունակում է լավ տեսնել, իսկ մոտ նայելիս կարիք ունի ավելի ցածր մինուսով ակնոցի, կամ պետք է հանի և կարդա առանց ակնոց, եթե կարճատեսությունը մինչև -3 է։

Միֆ է, որ կարճատեսը մինչև 40 տարեկան կարդալիս պետք է ակնոցը հանի, կամ երկրորդ՝ ավելի թույլ ակնոց կարդալու համար։

Միֆ է, որ լազերային կորեկցիայից հետո կարճատեսությունը վերանում է. այն պարզապես մարդուն ձերբազատում է ակնոցից։ Լազերային կորեկցիայից հետո աչքի ձգված, բարակած հետին հատվածը մնում է անփոփոխ։

Միֆ է նաև այն, որ  լազերային կորեկցիա արած կինը պետք է ծննդաբերի կեսարյան հատումով. դա կախված է ակնահատակի վիճակից։

Միֆ է, որ գլաուկոման փոխանցվում է մի աչքից մյուսը, և մի աչքի բուժումը չի կանխում մյուսում գլաուկոմայի առաջացումը։

Միֆ է, որ երեխայի մոտ հեռատեսությունն ավելանում է. աչքը չի կարող ավելի փոքրանալ, այն կարող է միայն մեծանալ, ձգվել։ Այսինքն՝ հայտնաբերված մաքսիմալ հեռատեսությունը չի ավելանում, այլ կարող է պակասել։

Սխալ է նաև, երբն երկու աչքի տարբեր ռեֆրակցիան համարում են աստիգմատիզմ։  Աստիգմատիզմն այն է, երբ նույն աչքում կա տարբեր ռեֆրակցիա, այսինքն՝ նույն աչքում կա և' կարճատեսություն, և' հեռատեսություն, կամ մեկ աչքն ունի տարբեր աստիճանի կարճատեսություն, կամ տարբեր աստիճանի հեռատեսություն։

Ավելի հաճախ աչքերն աճախաստիգմատիկ են, քան սֆերիկ։

Աչքերի հիվանդությունների մասով կա՞ ռիսկային խումբ, նույն՝ ժառանգական գործոններով պայմանավորված։

Կարճատեսության մասով՝ ինչքան վաղ է այն առաջանում, այնքան ավելի ռիսկային է, այնքան ավելի արագ է զարգանում։ Վաղ տարիքում կարճատեսության առաջացման գործոն հանդիսանում է տեսողական գերծանրաբեռնվածությունը, արդյունքում երեխաները դրսում քիչ են լինում, սպորտով քիչ են զբաղվում։

Մեծ նշանակություն ունի ժառանգականությունը. եթե մի ծնողն է կարճատես, ապա կարճատեսության հավանականությունը երեխայի մոտ կլինի 50%։ Եթե երկու ծնողի մոտ կա կարճատեսություն, հավանականությունը, որ երեխայի մոտ էլ կլինի կարճատեսություն, 75% է։

Եթե ծնողն ունեցել է կարճատեսություն 14 տարեկանում, ապա նրա երեխայի մոտ ավելի վաղ է առաջանալու կարճատեսությունը։ Ըստ վիճակագրության՝ կարճատեսությունն աճում է մինչև 20-21 տարեկանը։

Շաքարային դիաբետի դեպքում էլ են հաճախ դրսևորվում աչքի հետ կապված խնդիրներ. շաքարի տատանումն ու բարձր մակարդակն ազդող գործոններ են։

Արյան ճնշման տատանումները նույնպես ազդում են. լինում է, որ արյունազեղում է լինում ակնահատակում, ցանցաթաղանթի շերտերում, ապակենման մարմնի մեջ և այլն։

Սթրեսը նույնպե՞ս մեծ գործոն է։

Իհարկե, սթրեսից առաջանում են ապակենման մարմնի պղտորումներ, առաջանում է կատարակտ, սթերսից լինում են ցանցաթաղանթի արյունազեղումներ, կոպերի հետ կապված նյարդային գերձգվածություն, կոպերի թրթռոց։ Նաև սթրեսից լինում են ցանցաթաղանթի արյունազեղումներ, կենտրոնական սերոզ շերտազատումներ, հետո նյարդային թրթռոց։ 

Սթրեսից առաջացած խնդիրները պետք է կարգավորվեն ակնաբույժի և նյարդաբանի՞ միջոցով։

Ցանկացած հիվանդության դեպքում մարդուն պետք է մոտենալ համակարգային. բուժում ենք ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին։

Իսկ հակառակը կարո՞ղ է լինել, որ աչքի խնդիրը սթրեսի առաջացման պատճառ դառնա։

Այո’, լինում է և հակառակը, ես կասեի՝ նույնիսկ ավելի հաճախ։

Ձեր պրակտիկայում առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են դիմում։

Շատ եմ առնչվում կարճատեսության հետ, ու հաճախ դպրոցական տարիքի երեխաներ են դիմում։ Ըստ ԱՀԿ տվյալների՝ 2050թ․ երկրագնդի ամեն երկրորդը լինելու է կարճատես, նրանցից 10%-ն ունենալու է բարձր կարճատեսություն՝ կուրությանը տանող բարդություններով։

Կարճատեսությունը, բացի ակնոցից ու լինզաներից, այլ կորեկցիայի ենթարկվու՞մ է։

Իհարկե, դա լազերային կորեկցիան է, ներակնային ֆակիկ ոսպնյակների տեղադրումն է, բնական ոսպնյակի փոխարինումը արհեստականով՝ ռեֆրակցիոն նպատակով։

Կատարակտ. հաճա՞խ է հանդիպում, ի՞նչ ախտանիշներ ունի։

Կատարակտը ոսպնյակի պղտորումն է։ Այն աշխարհում կուրացման պատճառներից առաջին տեղում կատարակտն է։

Սովորաբար, ասում են, սպիտակ փառ է հայտնվել։ Այն տարիքային է, առաջանում է 50-60 տարեկանից հետո։ Միֆ է, որ կատարակտը ժառանգաբար փոխանցվում է. կատարակտը, անկախ ժառանգականությունից, բոլորի մոտ լինելու է, ծերացման նշան է, անխուսափելի է։ 80 տարեկան մարդկանց 100%-ն ունի կատարակտ։ 

Եթե կատարակտը սկսվել է ավելի վաղ տարիքում դա տրավմաների, սթրեսի հետևանք է, աչքի ներսում ինչ-որ բորբոքային պրոցեսի հետևանք է, այդ ժամանակ խոսում ենք երկրորդային կատարակտի մասին։ Կատարակտը մարդիկ զգում են, եթե տեսողությունը մշուշոտվում է, բայց տեսադաշտը մնում է լայն։

Ո՞րն է կատարակտի բուժումը՝ վիրահատությու՞ն, եր՞բ պետք է անել։

Կատարակտի միակ բուժումը վիրահատությունն է։ Նախկինում կատարակտը վիրահատում էին, երբ ոսպնյակն ամբողջովին պղտորվում էր, հիմա կարելի է դա էլ միֆ համարել, որովհետև փոխվել է վիրահատական միջամտության մեթոդը և պարտադիր չէ սպասել, մինչև ոսպնյակն ամբողջովին պղտորվի։

Երբ ոսպնյակի պղտորումը խանգարում է կյանքի որակին, կարելի է արդեն վիրահատել։

Կատարակտի դեպքում վիրահատելով, բնական ոսպնյակը փոխելով, արհեստական ոսպնյակ դնելով՝ տեսողությունն ամբողջովին վերականգնվում է։ Արհեստական ոսպնյակն այլևս չի պղտորվում և դրվում է ցմահ։

Գլաուկոմայի դեպքում, արդեն, տեսադա՞շտն է սկսում քիչ-քիչ նեղանալ։

Գլաուկոմային գողացող հիվանդություն են ասում, այն կարող է որևէ կերպ չարտահայտվել, մարդ չիմանա, որ ունի գլաուկոմա։ Տեսադաշտը նեղանում է ներսի՝ քթի կողմից։ 

Իսկ վիզուալ, աչքին նայելով՝ կարո՞ղ ենք հասկանալ, որ գլաուկոմա ունեն։

Ոչ մի գանգատ կարող են չունենալ, դա է գլաուկոմայի վատը, որ ընթանում է անսիմպտոմ։ Այն կարող է լինել երկու ձևի՝ բաց անկյուն և փակ անկյուն գլաուկոմա։

Բաց անկյուն գլաուկոման ավելի շատ է տարածված, կարող է ընթանալ առանց որևէ գանգատի, հաճախ հայտնաբերվում է պատահական ստուգումների ժամանակ, ընթանում է դանդաղ, չբուժվելու դեպքում անխուսափելի բերում է տեսանյարդի ատրոֆիայի և արդյուքում կուրության։

Փակ անկյուն գլաուկոման դրսևորվում է ցավային նոպայով, կարմրությամբ, փսխումով, տեսողական ֆունկցիաների արագ նվազումով։

Գլաուկոմայի դեպքում ռիսկի խմբում ովքե՞ր են։

Ռիսկի խմբում գլաուկոմա ունեցող մարդու ազգականներն են, քանի որ գլաուկոման ժառանգաբար փոխանցվող հիվանդությունների շարքում է։

Գլաուկոմայի դեպքում վիրահատությամբ չենք լավացնում տեսողությունը, այլ «փրկում ենք» այն, ինչը մնացել է։

Այո’, պահպանում ենք եղածը և կանխում հետագա վատացումը։

Կերատոկոնուս. ի՞նչ հիվանդություն է, ինչպե՞ս է առաջանում։

Կերատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ, ոչ բորբոքային հիվանդություն է. կառուցվածքային խնդիր է, եղջերաթաղանթը բարակում, փքվում դառնում է կոնուսի նման։

Հայաստանում տարածված հիվանդություն է։ Եթե ընտանիքում կա կերատոկոնուսով որևէ հիվանդ, ապա մյուս անդամներին անհարաժեշտ է պրոֆիլակտիկ հետազոտել։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կերատոկոնուս ունեցող անձինք փոքր տարիքում ունեցել են ալերգիկ կոնյունկտիվիտ, գարնանային կատար, անընդհատ աչքերը տրորել են։ Դրա համար պետք է ուշադիր լինել, հակաալերգիկ բուժում իրականացնել, որ քոր չլինի։

Եթե փոքր տարիքում որևէ ալերգիկ ռեակցիա չի դրսևորվում, և չենք իմանում, որ կերատոկոնուս է առաջանալու, մեծ տարիքում ինչպե՞ս հասկանալ, որ ունես այդ հիվանդությունը։

Կերատոկոնուսը ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է, ավելի շատ տառապում են հին ազգերը, որոնց թվում նաև մենք ենք։

կերատոկոնուսի առաջացման պատճառները տարբեր են՝ գենետիկ նախատրամադրվածությունը, ալերգիկ ռեակցիաները, էնդոկրին համակարգի խանգարումները, շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեծությունը և այլն։ Կերատոկոնուսը արտահայտվում է կարճատեսությամբ, թեք առանցքներով ակնանոն աստիգմատիզմով, առարկաները երևում են աղավաղված, թեքված, ստվերներով։

Կերատոկոնուսի դեպքում անու՞մ են եղջերաթաղանթի փոխպատվաստում։

Կան բուժման տարբեր մեխանիզմներ։ Ցանկացած էտապում հիվանդի համար պետք է ապահովել բարձր տեսողություն, սկզբնական փուլերում դա հաջողվում է անել ակնոցով, հետագայում լայնորեն կիրառվում են կոնտակտային փափուկ աստիգմատիկ, կոշտ և սկլերալ ոսպնյակները։ Փոխպատվաստումը բուժման վերջին էտապն է, երբ կորեկցիայի ոչ մի միջոց չի օգնում տեսողությունը բարելավելու։ Կերատոկոնուսի աճը կանխելու համար արվում է եղջրաթաղանթի խաչաձև ամրացում վիրահատությունը (cross linking): Տեսողությունն ապահովելու համար Հայաստանում կիրառվում է նաև եղջրաթաղանթի օղերի տեղադրում և փոխպատվաստման տարբեր եղանակներ։

Ո՞ր դեպքում է կարելի առհասարակ լազերային կորեկցիայի դիմել ու ո՞ր դեպքում խորհուրդ չի տրվում։

Կարճատեսության դեպքում լազերային կորեկցիա ցուցված է, եթե վերջին 1-2 տարվա ընթացքում այլևս կարճատեսության պրոգրես չկա։ Դա սովորաբար լինում է 20-21 տարեկանում։

Ցուցված է, եթե աչքն առողջ է, եթե եղջերաթաղանթն ունի բավարար հաստություն։ Բարձր կարճատեսության դեպքում, երբ եղջրաթաղանթի հաստությունը չի բավարարարում, ակնոցից կարելի է ազատվել անգամ թափանցիկ բնական ոսպնյակը փոխելով արհեստականով։

Ի՞նչ է գիշերային լինզան։

Օրտոկերատոլոգիական կամ գիշերային ոսպնյակները դրանք կոշտ գազաթափանցիկ ոսպնյակներ են, որոնք կրում են գիշերը, առավորյան արթնանալում պես հանում են և ամբողջ օրը ունենում են 100% տեսողություն առանց որևէ կորեկցիայի։ Օրտոկերատոլոգիան կարճատեսության բուժման ապացուցված ամենաարդյունավետ միջոցն է։ Մեր կենտրոնում լայնորեն կիրառվում են և գիշերային և սկլերալ ոսպնյակները։

Այսինքն՝ լինզան առավելությու՞ն ունի ակնոցի նկատմամբ։

Այո, ցերեկային փափուկ ոսպնյակների կրման ընթացքում կարճատեսությունը ավելի դանդաղ է ավելանում, իսկ գիշերային ոսպնյակների կիրառմամբ կարելի է կանգնեցնել կարճատեսության աճը։

Աչքի գույնը փոխող լինզաները վնա՞ս են։

Ոչ մի կոնտակտային ոսպնյակ վնաս չէ, եթե պահպանվում են կրման և խնամքի կանոնները։

Ինչ-որ ժամանակահատված կա՞, որ դրանից հետո պետք է դրանք փոխել։

Անպայման, ցանկացած լինզա ունի իր կրման ժամկետը. կան օրական, շաբաթական, ամսական լինզաներ։

Ցանցաթաղանթի հիվանդությունները հաճա՞խ են հանդիպում և որ՞ տարիքում։ Բնածի՞ն են, թե՞ ձեռքբերովի։

Կան բնածին դիստրոֆիկ փոփոխություններ, բայց դրանք հաճախ չեն հանդիպում։ Ավելի հաճախ հանդիպում են տարբեր հիվանդություններով պայմանավորված ցանցաթաղանթի խնդիրներ, օրինակ՝ շաքարային դիաբետով, հիպերտոնիկ հիվանդությունով։ 

Աչքի մեջի խալերը, նշանները, դրանք հեռացնելու կարի՞ք կա, թե՞ պետք է ուղղակի հետևել։

Խալեր՝ նևուսներ  հաճախ են հանդիպում, և աչքի խալերին, ինչպես և մաշկի վրայի խալերին պարզապես պետք է հետևել։ Հատկապես ուշադրություն պետք է դարձնել նոր առաջացած խալերին։ Եթե խալը մեծանում է, փոխում է իր գույնը, անոթավորվում է, խոցոտվում է, անհապաղ պետք է դիմել բժշկի, քանի որ խալը կարող է վերածվել չարորակ նորագոյացության ։ 

Տեսողական օրգանների նորագոյացությունները մեզ մոտ շա՞տ են հանդիպում՝ բարորակ, չարորակ։

Բարորակ նորագոյացությունները հենց նույն խալերն են, կիստաները, շատ չեն հանդիպում։ Չարորակ ուռուցք ես իմ պրակտիկայում՝ 1995թ.-ից ի վեր  մի քանի դեպք եմ ունեցել, այն էլ՝ այն դեպքում, երբ միշտ սարքավորումներով զինված եմ եղել։ Միգուցե այդ դեպքում մարդիկ անմիջապես դիմում են ուռուցքաբաններին։ Աչքի վիրահատությունները մեզ մոտ բարձր մակարդակի վրա են, իսկ ուռուցքի մասով՝ այդ մակարդակը բավարար չէ։

Բայց, ի ուրախություն մեզ, չարորակ ուռուցքներն աչքում շատ քիչ են հանդիպում։

Շլությունը գենետի՞կ է, թե՞ արտաքին ներգործություններից է լինում, հարվածներից և այլն ու ինչպե՞ս է կարգավորվում։

Շլությունը ևս ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է։ Շլությունը կարող է լինել նաև երկրորդային, եթե օպտիկական միջավայրում կան պղտորումներ, օրինակ, բնածին կատարակտ, այդ դեպքում աչքը թեքվում է չտեսնելու պատճառով։

Առավել հաճախ հանդիպողը ռեֆրակցիոն շլությունն է, երբ աչքերի տեսողության միջև կա տարբերություն։ Եթե մենք չենք շտկում, չենք կարգավորում վատ տեսնող աչքի տեսողությունը, այն թեքվում է։ Եթե շլությունն ակնոցով չի ուղղվում, կամ շլության անկյունը մեծ է, արդեն պետք է դիմել վիրահատության։

Վերջնական հնարավո՞ր է կարգավորել, ուղղել շլությունը։

Երկար, բարդ պրոցես է, անգամ եթե վիրահատեցին ակնաշարժ մկանները, ուղղեցին աչքի դիրքը, բայց քանի որ այդ աչքը թեքվել էր, որովհետև լավ չէր տեսնում, մկանն ուղղելով՝ մենք տեսողությունը չենք կարգավորում, եթե բուժառուն չշարունակի ակնոց կրել, աչքը նորից կթեքվի։ Դրա համար, ուղղելուց հետո պետք է շարունակել ակնոց կրել. լավ տեսնող աչքը փակել, որ վատ տեսնողն աշխատի, հարկ եղած դեպքում անցնել ապարատային բուժում, որպեսզի զարգանա երկաչյա՝ բինօկուլյար տեսողությունը։ Շլության բուժման արդյունքը բինօկուլյար տեսողությանը հասնելն է։

Իսկ եթե արդեն չի ուղղվել, մեծ տարիքում մարդն ունի շլություն, ի՞նչ հետևանքների դա կարող է բերել։

Եթե վաղ տարիքում շլությունը չի ուղղվել և մարդը չունի բինօկուլյար տեսողություն, նա չունի խորության ճիշտ ընկալում, նա չի կարող մեքենա վարել, ընտրել այնպիսի մասնագիտություն, որտեղ խորության ընկալում է պահանջվում,պետք է երկու ձեռքով աշխատի, օրինակ, դառնա վիրաբույժ։ 

Համակարգիչներ, հեռախոսներ օգտագործելիս պաշտպանիչ ակնոց դնելն իսկապես օգնում է, թե՞ նույնպես միֆերի շարքից է։

Եթե հույսը դնել ակնոցի ծածկույթի վրա, կարծել որ կարելի է այդ ակնոցով ժամերով նստել համակարգչի առաջ, ապա կարելի է համարել, որ միֆ է։ Որպեսզի ԱՀԿ թվերը կարճատեսության մասով իրականություն չդառնան, պետք է գրագետ մոտենալ աչքի բոլոր ծանրաբեռնվածություններին։ Դպրոցականը պետք է օրը առնվազը 2 ժամ ցերեկային ժամերին անցկացնի դրսում, պետք է հաճախի որևէ սպորտային խմբակ։

Համակարգչով աշխատողը պետք է ամեն կես ժամը մեկ դադար տա և մի երկու րոպե նայի հեռու, որպեսզի ակկոմոդացիոն մկանը թուլանա։

Ուտելիքը կարո՞ղ է լավացնել տեսողությունը, օրինակ՝ ասում են, որ գազարը, հապալասն օգտակար են։

Սնունդը շատ կարևոր է։ Որպեսզի կարճատեսությունը չավելանա, պետք է լիարժեք առողջ սնունդ ընդունել՝ վիտամիններով հարուստ, կաթնամթերք, սպիտակուցներ։

Երբ մարդ ինչ-որ բանին նայելիս աչքերը կկոցում է, դա նշանակու՞մ է արդեն, որ ինքը տեսողության խնդիր ունի։

Կկոցում են և’ կարճատեսները, և’ հեռատեսները։ Կկոցելուն կա երկու պատճառ. կա’մ կկոցում են, որ լավ տեսնեն, կա’մ կկոցում են, որովհետև կա լուսավախություն. փակում են, որ պակասեցնեն լույսի ներթափանցումը։

Ճի՞շտ է, որ երբ նայում ենք մարդուն, ում համակրում ենք, կամ ինչ-որ հաճելի բան ենք տեսնում, աչքերի բբերը լայնանում են։

Այո’, դա ճիշտ է. մենք ունենք բիբը լայնացնող-նեղացնող մկան։ Բիբը անցք է, դատարկություն է։ Երբ սիմպատիկ նյարդային համակարգն է ակտիվանում երբ գրգռված են, ջղային են, նյարդային են, բբերը լայնանում են։ Մարկետինգային հնարք կա, երբ վաճառողը նայելով հաճախորդի աչքերին, տեսնելով նրա լայնացած բբերը, հասկանում է որ նա հետաքրքրված է այդ ապրանքով և ուզում է գնել։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter