HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող ճանապարհը. Փաշինյան

Նախորդ շաբաթվա ընթացքում ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները հետևյալն են՝ Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Այս մասին Կառավարության մարտի 30-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրությամբ և ներկայացրեց այն. «2023թ. մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետը, Շուշիի շրջանում հատել են շփման գիծը և զբաղեցրել 2054 բարձունքը և սկսել ինժեներական աշխատանքներ։ Ադրբեջանական կողմին է ներկայացվել եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտության, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների նախնական դիրքեր վերդարձնելու մասին պահանջ»։

Փաշինյանն արձանագրեց, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին, այլև ավելի է սրում իրավիճակը՝ ԼՂ-ի նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով։

«2054 բարձունքից ադրբեջանական կողմը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն և Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը։ Ադրբեջանը սա բացատրում է՝ իբր թե ՀՀ-ից ԼՂ ռազմական բեռների և անձնակազմի տեղափոխումներով։ Սա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է։ Բայց եթե միայն այսպես լիներ, գուցե խնդիրը արժանի չլիներ հատուկ ուշադրության։ Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է»,- ասաց նա։

Վարչապետը կրկնեց, որ Հայաստանը ԼՂ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի։

«Այս փաստը ստուգելու համար ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկն Ադրբեջանն ինքն է մերժել՝ 2022թ. hոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ։ Այդ առաջարկն ուժի մեջ է, և կարծում եմ՝ միջազգային մակարդակում այս հարցը վերջնականապես պարզաբանելու կարիք կա, և դրա միջոցը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ գործուղելն է։ Իսկ որ ԼՂ-ում գործում է ԼՂ պաշտպանության բանակ, հանրահայտ փաստ է։ Այդ բանակի գոյությունն ու գործունեությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում»,- նշեց նա։

Կառավարության ղեկավարը հիշեցրեց՝ Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավելի, ԼՂ գազամատակարարումն ու էներգամատակարարումը դադարեցված է, ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները և գյուղատնտեսական տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից։

«Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է, և մենք պիտի հետևողականորեն շարունակենք այս մասին իրազեկել միջազգային հանրությանը և աշխատենք միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ։ Ինչպես տեղյակ եք, 2022թ. օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ։ Բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023թ. ապրիլի 1-ը։  Նախօրեին մենք ադրբեջնական կողմին տեղեկացրել ենք, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով, և որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սսահմանի պահպանությունը»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանին՝ այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս ՊՆ ստորաբաժանումներն էին։ 

«Պիտի արձանագրեմ, որ քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես մի հերթական բլոկբաստեր։ Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ։ Կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով»,- նշեց վարչապետը՝ հայտնելով, որ նույն առաջարկն արել է նաև Ադրբեջանին, որ նույնը տեղի ունենա Ադրբեջանի կողմից։

«Հույս ունեմ, որ այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ ՀՀ կառավարությունը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Մենք հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում։ ՀՀ-ն պատրաստ է նման աշխատանքի և հույս ունենք, որ Ստեփանակերտ-Բաքու ձևաչափում նման տրամադրվածություն կլինի թե՛ Բաքվի, թե՛ Ստեփանակերտի կողմից։

Հասկանալի է, իհարկե, որ այս համատեքստում միօջազգային պատշաճ մեխանիզմների և երաշխիքների գործարկումը չափազանց կարևոր է»,- եզրափակեց Փաշինյանը։

Նշենք, որ Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի ընդհանուր երկարությունը 33,8 կմ է, որից 11,8 կմ-ն ՀՀ տարածքում է: Վերջինս սկսվում է Գորիս-Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ միջպետական ճանապարհի Տեղ գյուղի հատվածից, անցնում Կոռնիձոր գյուղով և ավարտվում պետական սահմանի մոտ։ Երկրորդը Քաշաթաղի (Լաչինի) շրջանով անցնող միջանցքային հատվածն է, որը սկսվում է պետական սահմանից՝ Հագարի գետի կամրջից և ավարտվում նախկին ԼՂԻՄ-Լաչինի շրջան սահմանագծում: Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող հատվածը սկսվում է Լաչինի շրջանի հետ սահմանագծից ու ավարտվում Տասը Վերստ գյուղի մոտ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter