HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փետրվարին 286 մլն 711 հազ. դրամ վերադարձնում ենք կենսաթոշակառուներին. վարչապետ

Բավական լավ տեմպ ունենք Հայաստանում կանխիկի շրջանառությունը կրճատելու առումով։ Այս մասին Կառավարության մարտի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով կենսաթոշակառուների անկանխիկ առևտրին՝ Փաշինյանն ընդգծեց՝ «աճի շատ տպավորիչ տեմպը շարունակվում է»։

Ըստ նրա՝ փետրվարին անկանխիկ եղանակով իրականացվել է 3,4 մլրդ դրամի առևտուր։ 

«2022-ին այս ցուցանիշն, ըստ էության, ձգում էր 0-ի, իսկ դեկտեմբերին և հունվարին 2,7 մլրդ դրամի շրջանակում էր, ինչը նշանակում է, որ շատ էական՝ 20-25%-ով աճի տեմպը շարունակում ենք պահել։ Այս առևտրի արդյունքում փետրվարի համար 286 մլն 711 հազ. դրամ վերադարձնում ենք կենսաթոշակառուներին։

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2022-ի հուլիսին կամ հունիսի վերջի դրությամբ ՀՀ-ում կար շուրջ 22 000 ակտիվ ՊՈՍ տերմինալ, այսօրվա դրությամբ ՊՈՍ տերմինալների թիվը եռապատկվել է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այսպիսով ստվերը կրճատվում է։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ նշեց, որ 2022-ի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների միայն 1.8%-ն էր անկանխիկ վճարում, փետրվարի 1-ի դրությամբ՝ 17,5%-ը։

Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշին՝ վարչապետը նշեց, որ առևտրի շրջանառությունը մոտ 18%-ով աճել է։

«Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,3%, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 79,5%-ով, արտահանումը՝ 2,1 անգամ, ներմուծումը՝ 163%-ով, շինարարությունը՝ 13.9%, ծառայությունները՝ 21%-ով։ Փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ արդյունաբերությունն աճել է 0.7%-ով։

Խնդիր ունենք արդյունաբերության ոլորտում ավելի մեծ և ավելի տեսանելի աճ արձանագրել։ Խնդիրը միայն հանքարդյունաբերության մեջ չէ, ռազմավարական նպատակ ենք ձևակերպել մեր տնտեսության բարդության աստիճանը մեծացնել և ավելացնել։

Հունվար-փետրվար ամիսների ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.9% է։ Արդեն  երկու ամիս ավելի քան 10% ակտիվության ցուցնիշ ենք արձանագրում»,- եզրափակեց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter