«Հելսինկյան ասոցիացիայի» ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել
Հունիսի 12-ին «Հելսինկյան ասոցիացիայի» դիտորդ Արման Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 118-րդ հոդվածով և որպես խափանման միջոց կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Հատկանշական է, որ Ա.Վեզիրյանին մեղադրանք առաջադրվել է այն բանից հետո, երբ պաշտպան Ն.Կարապետյանցը միջնորդել էր, որ Տ. Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվի՝ ավելացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածը:
Սակայն միջնորդությունը մերժվել էր, ինչի վերաբերյալ պաշտպանը Շենգավիթ վարչական շրջանի դատախազին բերել էր բողոք, որը, առանց որևէ պատճառաբանության, մերժվել էր: Փոխարենը մի քանի օր անց մեղադրանք է առաջադրվել Ա. Վեզիրյանին:
Պաշտպան Ն.Կարապետյանցը համոզված է, որ Ա. Վեզիրյանի կարգավիճակը փոխելով տուժողից մեղադրյալի՝ դատախազությունը և ոստիկանությունը փորձում են հոգեբանական ճնշում գործադրել և այսպիսով Ա. Վեզիրյանին ստիպել հրաժարվել իր բողոքից: Այս երևույթը մեկ անգամ ևս փաստում է, որ ՀՀ-ում արվում է ամեն ինչ, որ ավելորդ անգամ չքննարկվի ընտրությունների ընթացքի հետ կապված որևէ երևույթ:
«Հելսինկյան ասոցիացիան» հիշեցնում է, որ ապրիլի 30-ին՝ ԱԺ նախընտրական շրջանում՝ Հայ ազգայի կոնգրեսի (ՀԱԿ) թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների կողմից քարոզչանյութեր բաժանելու ժամանակ, Շենգավիթ վարչական շրջանի Սեդրակ Սարգսյան փողոցի սեփական տներից մեկի դիմաց Տիգրան Մանուկյանը հարվածել էր Արման Վեզիրյանի դեմքին: Վերջինս տվյալ վայրում գտնվում էր նախընտրական շրջանում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
ՀԱԿ-ի ակտիվիստը տեղեկատվական բուկլետներից մեկը դրել էր սեփական տներից մեկի մուտքի մոտ: Այդ պահին տնից դուրս էր եկել 45-ին մոտ մի տղամարդ և գոռացել. «Էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»:
Սեփական տան մուտքի մոտ բուկլետը դրած երիտասարդը ներողություն էր խնդրել տղամարդուց: Այս ամենի ականատես Ա.Վեզիրյանը մոտեցել էր բուկլետը վերցնելու համար: Տղամարդը հայհոյել էր վերջինիս, այնուհետև բռունցքով երկու անգամ հարվածել իրավապաշտպանի դեմքին: Վեզիրյանը պատասխան հարված չէր հասցրել:
Միջադեպի առնչությամբ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը զանգահարել էր ՀՀ ոստիկանության թեժ գիծ, որը չէր պատասխանել: Այնուհետ կազմակերպությունը կապվել էր օպերատիվ խմբի հետ, որտեղից տեղեկացել էին, որ միջադեպի մասին կիրազեկեն Շենգավիթի ոստիկանության բաժին:
«Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանի հետ Ա.Վեզիրյանը ոստիկանների հրավերով մեկնել էր բաժին, որտեղ արվել էր հանցագործության մասին հաղորդում, և դիտորդին տրվել էր դատաբժշկական ուղեգիր: Մայիսի 1-ին Ա. Վեզիրյանը «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Նինա Կարապետյանցի հետ գնացել էր դատաբժշկի մոտ, ով արձանագրել էր Վեզիրյանի վնասվածքները:
Մայիսի 15-ին Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Կ.Շառոյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ, և Տ.Մանուկյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Մայիսի 25-ին «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Նինա Կարապետյանցը Շենգավիթ շրջանի ոստիկանության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Կ. Վ. Շառոյանին ներկայացրել էր միջնորդություն՝ Տ.Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացնելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի ոչ միայն 118, այլև 149 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ:
Տեղեկատվությունը՝ «Հելսինկյան ասոցիացիայի», լուսանկարը՝ hahr.am կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել