HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԾՏՀ-ում նախագահությունը Սերբիայից փոխանցվել է Թուրքիային

Հունիսի 11-ին Բելգրադում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 26-րդ հանդիպումը, որին նախորդեց կազմակերպության ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով հանդես եկավ ելույթով:

ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում գոհունակությամբ նշեց անցած կիսամյակի ընթացքում ՍԾՏՀ-ում Սերբիայի նախագահությամբ սոցիալ-տնտեսական համագործակցության բնագավառներում արձանագրված առաջընթացը և դրանում Հայաստանի գործնական դերակատարությունը: Կարևորվեց ՍԾՏՀ 20-ամյակի նախաշեմին կազմակերպության արդյունավետության հետագա բարելավումը, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական նոր օրակարգի ձևավորումն ու խթանումը:

Փոխնախարարը ողջունեց ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի և այլ ռազմավարական փաստաթղթերի, վերոնշյալ ժամանակահատվածում ՍԾՏՀ էներգետիկայի և բնապահպանության նախարարների նշած ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հռչակագրերի ընդունումը:

Գործնական համագործակցության ձեռքբերումների համատեքստում փոխնախարարն ընդգծեց ՍԾՏՀ առողջապահության և դեղագործության հարցերի աշխատանքային խմբում Հայաստանի համակարգման ժամանակ անդամ-երկրներում սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի ընդունումը:

Հանդիպմանը դրական գնահատականի արժանացավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի աշխատանքային խմբի համակարգող երկրի՝ Հայաստանի գործունեությունը ոլորտում համագործակցությունը խթանելու առումով: Գոհունակությամբ նշվեց, որ ՍԾՏՀ նախագծերի զարգացման հիմնադրամի շրջանակում ընդունվեցին հայկական նոր նախագծեր, մասնավորապես, գիտության ու տեխնոլոգիաների և մշակույթի բնագավառներում: ՍԾՏՀ-ի շրջանակում իրականացվելիք «Գրական տապան՝ 10 տարի անց» ՀՀ մշակութային նախագիծը մաս է կազմում «2012թ.՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի և նվիրված է հայ տպագրության 500-ամյակին:

Հանդիպման արդյունքում ընդունվեցին 80-ից ավելի որոշում և առաջարկություն:

Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Սերբիայից փոխանցվեց Թուրքիային

Նույն օրը, պատվիրակությունների ղեկավարները մասնակցեցին Սերբիայի նորընտիր նախագահ Տ. Նիկոլիչի երդման հանդիսավոր արարողությանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ հունիսի 12-ին ՀՀ ԱԳ փոխնախարարն այցելեց Բելգրադում ՀՀ պատվավոր հյուպատոսության նորաբաց գրասենյակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter