
Իտալիան ժամանակավորապես արգելափակել է ChatGPT-ն
Իտալիայի անձնական տվյալների պաշտպանության մարմինը ժամանակավորապես սահմանափակել է այդ երկրի տարածքում ChatGPT չաթ-բոտի կիրառումը, որը թողարկվել է ամերիկյան OpenAI ընկերության կողմից։ Այդ մասին նշվում է այդ մարմնի պաշտոնական կայք էջում։
Գերատեսչությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ մարտի 20-ին համացանցում հայտնվեցին ChatGPT-ի հետ օգտատերերի զրույցներից արտահոսքեր, ինչպես նաև օգտատերերի վճարային տվյալները։ Իտալական իշխանության այդ մարմնի հայտարարության մեջ նշվում է, որ ChatGPT-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը «ոչ միշտ է համապատասխանում փաստացի տվյալներին», իսկ ծրագրում բացակայում է տարիքային ֆիլտրը։
Վերահսկիչ մարմինը հայտնել էր, որ OpenAI-ն ունի 20 օր, որպեսզի արձագանքի ծառայության աշխատանքի սահմանափակմանը և ցույց տա, թե ինչ քայլեր է ձեռնարկել ընկերությունը՝ խնդիրների լուծման համար։ Եթե OpenAI-ը չպատասխանի նշված ժամկետի ընթացքում, ապա նրան սպառնում է տուգանք մինչև 20 միլիոն եվրոյի չափով։
Ինչպես նշում է BBC News-ը, Իտալիան դարձել է Արևմուտքի առաջին երկիրը, որտեղ արգելափակվել է ChatGPT-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավելի քան 1000 մասնագետ բաց նամակ է ստորագրել, որտեղ կոչ էին անում դադարեցնել առավել առաջադեմ արհեստական բանականության մշակման աշխատանքները։ Նրանց թվում էին Իլոն Մասկը, Սթիվ Վոզնյակը և Յուվալ Նոյ Հարարին։ «Արհեստական բանականության հզոր համակարգերը պետք է մշակել միայն այն ժամանակ, երբ մենք վստահ ենք, որ դրանց ազդեցությունը կլինի դրական, իսկ ռիսկերը՝ կառավարելի»,- ասված էր համատեղ հայտարարության մեջ։
Լուսանկարը՝ MARCO BERTORELLO/AFP via Getty Images
Մեկնաբանել