HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին, շնորհավորել ԵԱՀԿ 2012թ. նախագահությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նախագահող երկիրը Էյմոն Գիլմորի գլխավորությամբ հաջողությամբ կիրականացնի ստանձնած բարձր առաքելությունը: Սերժ Սարգսյանը կարևորել է Էյմոն Գիլմորի ղեկավարած պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ գործող նախագահների այցելությունները լավ առիթ են՝ տեղում ծանոթանալու տարածաշրջանի խնդիրներին, մարտահրավերներին, նաև քննարկելու ԵԱՀԿ գործունեության հետ կապված հարցեր, խոսելու երկու կողմին հետաքրքրող հարցերի մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ներքաղաքական զարգացումներին, Արցախի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և վերջին շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Արցախի ու Ադրբեջանի միջև շփման գծում արձանագրված միջադեպերին:

ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ իր այցի նպատակն է օժանդակել ԼՂ հակամարտության խաղաղ և անվտանգ կարգավորման գործընթացին: Նա ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար կարևոր է հավատարիմ լինել կարգավորման հիմնարար սկզբունքներին: Էյմոն Գիլմորի խոսքով՝ ԵԱՀԿ-ն կանգնած է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հետևում և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին՝ կարգավորման գործընթացն առաջ մղելու գործում: Նա շեշտել է, որ ԵԱՀԿ-ն մերժում է ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքը և համարում է, որ հարցի կարգավորման ռազմական լուծում չի կարող լինել:

ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել սահմանին և շփման գծի երկայնքով վերջին շրջանում արձանագրված միջադեպերի կապակցությամբ և նշել, որ ԵԱՀԿ-ն աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են նման միջադեպերի կանխարգելմանն ու հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին և կազմակերպության երևանյան գրասենյակին՝ Հայաստանին ցուցաբերվող մշտական աջակցության և արդյունավետ համագործակցության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter