
Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային հատկացրել է ռեկորդային 15,6 միլիարդ դոլարի վարկ
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Ուկրաինայի համար 15,6 միլիարդ դոլարի չափով քառամյա վարկը։ Այդ մասին նշվում է Հիմնադրամի պաշտոնական կայք էջում։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումը հնարավորություն է տալիս անհապաղ Ուկրաինային հատկացնել մոտ 2,7 միլիարդ դոլար։
Առաջին փուլում միջոցները կուղղվեն Ուկրաինայի անհետաձգելի կարիքներին և կայունության ապահովմանը, իսկ երկրորդ փուլում՝ կառուցվածքային բարեփոխումներին ու եվրաինտեգրման աջակցությանը։
Վարկային ծրագիրը հավանության է արժանացել Ուկրաինային` 115 միլիարդ դոլարի չափով ընդհանուր աջակցության փաթեթի շրջանակներում։
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամի վարկը դարձել է Ուկրաինայի համար խոշորագույնը՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր և առաջին խոշոր փաթեթը, որը Հիմնադրամը հաստատել է ակտիվ հակամարտության մեջ ներքաշված երկրի համար։
I'm thankful to the IMF and @KGeorgieva for approving a new four-year support program for Ukraine for the total of $15.6 billion. It is an important help in our fight against Russian aggression. Together we support the 🇺🇦 economy. And we are moving forward to victory!
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) March 31, 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին կայացրած որոշման համար։ «Դա կարևոր օգնություն է ռուսական ագրեսիայի դեմ մեր պայքարում։ Միասին մենք աջակցում ենք Ուկրաինայի տնտեսությանը։ Եվ մենք առաջ ենք շարժվում դեպի հաղթանակ»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ, որը ներկայացվել է մարտին, 2022 թվականին Ուկրաինայի ՀՆԱ-ն կրճատվել է 29,2 %-ով։ Գերատեսչությունում նշել են, որ դա «օբյեկտիվորեն ամենավատ ցուցանիշն է անկախության ժամանակներից ի վեր, սակայն ավելի լավը, քան լայնամասշտաբ ներխուժման սկզբում ակնկալում էին փորձագետների մեծ մասը»։
Դեռ այս տարվա հունվարին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ 2022 թվականին միջազգային գործընկերներից Ուկրաինան ստացել է ավելի քան 27 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն։
Լուսանկարը՝ AP Photo/Efrem Lukatsky, File
Մեկնաբանել