HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ Բուչայում հարգել են քաղաքացիական զոհերի հիշատակը

Եվրոպական չորս երկրների առաջնորդներն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Բուչայի ռուսական բռնազավթումից ազատագրման տարելիցի օրը, այցելել են Կիևի մարզի այդ քաղաք ու հարգանքի տուրք մատուցել քաղաքացիական զոհերի հիշատակին։ Ուկրաինայի նախագահի հետ միասին այնտեղ են եղել նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը, Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։ 

Վլադիմիր Զելենսկին նրանց հետ Կիևում ունեցել էր երկկողմ հանդիպումներ, որից հետո եվրոպական այդ երկրների առաջնորդները մեկնել են Բուչա։ Ավելի վաղ, որևէ հայտարարություն չէր տարածվել այդ հանդիպումների վերաբերյալ։ Բացի այդ, չէր հայտարարվել, որ այդ քաղաքական գործիչները պատրաստվում են այցելել Ուկրաինա։

Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել՝ նվիրված Բուչայի ազատագրման տարելիցին։ «Բուչա և Բուչայի շրջան։ Բռնազավթման 33 օր։ Ավելի քան 1400 մահ, որից 37-ը երեխաներ։ Ավելի քան 175 մարդ հայտնաբերվել է եղբայրական գերեզմաններում և կտտանքների խցիկներում։ 9000 ռուսական ռազմական հանցագործություն։ 365 օր է, ինչ դա կրկին ազատ ուկրաինական քաղաք է։ Բռնազավթիչ երկրի բանակի գազանությունների խորհրդանիշ։ Երբեք չենք ների։ Կպատժենք բոլոր մեղավորներին»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Մեկ այլ տեսանյութով հրապարակվել է մամլո ասուլիսից մի հատված, որտեղ Զելենսկուն հարցնում են իր կյանքի ամենասարսափելի օրվա մասին։ Նա պատասխանում է, որ դա այն օրն է, երբ մարդկությունը տեսավ Բուչայում հանցագործությունների վկայությունները։ 

Բուչայում արարողության մասնակիցները հարգել են բռնազավթման ժամանակ զոհերի հիշատակը։ Նրանք այցելել են տեղի եկեղեցի, որի տարածքում հայտնաբերվել են սպանված տեղացիների զանգվածային գերեզմանները։ Արարողության ժամանակ ընթերցվել է բոլոր 77 սպանված խաղաղ բնակիչների անունները, որոնց ինքնությունը հաջողվել է պարզել, ինչպես նաև 11 զինծառայողների անունները, որոնք զոհվել էին Բուչայի համար մարտերում։

«Դա չի կարելի ներել։ Հենց այդ պատճառով մենք ձեր հետ միասին այս դժվարին րոպեին զգում ենք մեր պարտքը օգնելու ձեզ ազատության համար պայքարում։ Մեր պարտքն է նաև ձեզ աջակցել արդարադատության որոնումներում։ Չի կարող լինել ագրեսիայի պատիժ, միայն պատիժ նրանց, որոնք հանցագործույթուն են իրականացրել»,- մասնավորապես հայտարարել է Սլովենիայի վարչապետը։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն էլ նշել է հանցագործությունների հետաքննության և մեղավորների պատժի համար ժողովրդավարական բոլոր պետությունների համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Публикация от Володимир Зеленський (@zelenskiy_official)

Վլադիմիր Զելենսկին Բուչային շնորհել է «հերոս քաղաքի» տարբերանշան։ Այն ստացել է Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը։ Այդ տարբերանշանը 10 օր առաջ հաստատվել է Ուկրաինայի նախագահի կողմից։ Բուչան հերոս քաղաքի կոչում ստացել էր դեռ 2022 թվականի մարտին։

Բուչան ռուսական զինուժի կողմից բռնազավթվել էր պատերազմի առաջին օրերին։ Քաղաքում մարտական բախումներն սկսվել էին 2022 թվականի փետրվարի 25-ին՝ ռուսական ներխուժման երկրորդ օրը, իսկ դրա նկատմամբ ամբողջական վերահսկողություն ռուսական զորքերն ունեցան միայն մարտի սկզբին։ Ռուսաստանցիները Բուչան լքեցին մարտի 31-ին՝ Ուկրաինայի հյուսիսից լայնամասշտաբ զանգվածային նահանջի շրջանակներում, որը Մոսկվան բնորոշում է որպես «բարի կամքի դրսևորում»։ 

Ռուսական նահանջից հետո քաղաքի փողոցներում հայտնաբերվել են սպանված խաղաղ բնակիչների մարմիններ, այնուհետ այնտեղ հայտնաբերվել են եղբայրական զանգվածային գերեզմաններ։ Բուչայից հետո Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունները, որոնք սկսվել էին ներխուժումից հետո, այլև չեն անցկացվել։ Բուչան դարձավ Ուկրաինայում ռուսական բանակի կողմից իրագործված ռազմական հանցագործությունների խորհրդանիշը։

Լուսանկարը՝ Gleb Garanich/REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter