
Հայկական ավիացիայի աշխատողների թիվը 2022 թ. աճել է. 2,5 տոկոսն արտասահմանցիներ են
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի տվյալների համաձայն՝ մեր երկրում գրանցված ավիացիոն կազմակերպություններում աշխատողների թիվը 2022 թ. եղել է 2848:
Համեմատության համար ասենք, որ 2021-ին այդ թիվը եղել է 2345: Այսինքն՝ մեկ տարվա մեջ ավիացիոն ոլորտի ներկայացուցիչների քանակն աճել է 503-ով: Սակայն հետաքրքիրն այն է, որ այդ 503-ից 71-ն օտարերկրյա քաղաքացիներ են, ինչը նշանակում է, որ հայկական ավիացիոն կազմակերպություններն սկսել են ներգրավել նաեւ արտասահմանցիների: Մի կողմից՝ սա խոսում է ոլորտի զարգացման միտումների մասին, մյուս կողմից՝ ապացույց է, որ ՀՀ-ում, ըստ ամենայնի, ներկայում չկան համապատասխան մասնագետներ, ինչն էլ դրդում է աշխատուժ ներգրավել արտերկրից: Օտարերկրացիներն ընդհանուր թվաքանակի (2848 մարդ) 2,5 տոկոսն են կազմում:
2021-ի համեմատ 2022-ին քանակական աճ է գրանցվել թե՛ օդաչուների, թե՛ ինժեներատեխնիկական աշխատողների, թե՛ կարգավարների, թե՛ բորտուղեկցորդների եւ թե՛ այլ աշխատողների շրջանում:
Հատկանշական է այն, որ թռիչքային անձնակազմի (օդաչուներ) ներկայացուցիչների թիվն աճել է 180 տոկոսով, իսկ սրահի անձնակազմի (բորտուղեկցորդներ) անդամներինը՝ 223 տոկոսով: Օդանավի ներսում աշխատող այս մասնագետների քանակական նման աճը, բնականաբար, ուղիղ համեմատական է հայկական ավիաընկերությունների թռիչքների ու դրանք իրականացնող օդանավերի քանակական աճին:
Լուսանկարը՝ «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել