HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թեհրանը Բաքվից պահանջում է բացատրություններ տալ Իսրայելի հետ հակաիրանական համագործակցության վերաբերյալ

Իրանը մտահոգություն է հայտնում ռազմավարական գործընկերության վերաբերյալ Ադրբեջանի և Իսրայելի համատեղ ծրագրերի վերաբերյալ և Բաքվից բացատրություններ է պահանջում: Այդ մասին ТАСС գործակալության փոխանցմամբ իր տելեգրամյան ալիքում գրառում է արել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն՝ հղում անելով նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասար Քանանի Չաֆիին։

Քանանի Չաֆիի խոսքով՝ այդ համագործակցությունը «դավադրություն է, որն Իսրայելն Ադրբեջանի տարածքում պատրաստում է Իրանի դեմ»։

Ինչպես նշվում է Իրանի ԱԳՆ տելեգրամյան ալիքում, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բաքվից պահանջել է բացատրություններ Ադրբեջանի և Իսրայելի միջև «ռազմավարական գործընկերության նոր փուլի» վերաբերյալ հայտարարությունների շուրջ, որի նպատակը, ինչպես պնդում է իրանական կողմը, հանդիսանում է «հակաիրանական միացյալ ճակատի ստեղծումը»։ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է «Իրանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև պատմական ու կրոնական անխախտ կապերի մասին»։

Հիշեցնենք, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո, որն այցելել էր Հրեական պետություն, հայտարարել էր, որ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է համատեղ ջանքերով հակազդեն Իրանին։ «Մենք պետք է գործենք միասին, որպեսզի կանխարգելենք Իրանի կողմից միջուկային ներուժի ստացումը։ Դա կարելի է անել, կիրառելով քաղաքական և տնտեսական գործիքներ, միաժամանակ ստեղծելով հուսալի և շոշափելի ռազմական սպառնալիք»,- հայտարարել էր Քոենը։

Իրանական կողմի հայտարարությանն անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանից էլ ավելի մեծ թվով սպառնալիքներ են հնչում ու սադրանքներ իրականացվում։

«Վերջին շրջանում Իրանից ավելի հաճախ են սպառնալիքներ հնչում մեր երկրի հասցեին, սադրանքներ են կատարվում Ադրբեջանի դեմ։ Այդպիսի սադրանքների թվում են զորավարժությունները, որոնք իրանական կողմն իրականացնում է Ադրբեջանի սահմանի երկայնքով, երեխաների մասնակցությամբ հակաադրբեջանական տեսահոլովակների ստեղծումն ու տարածումը, Թեհրանում մեր դեսպանության վրա հարձակումը։ Բացի այդ, հետաքննության նախնական տվյալներով, վերջերս խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի վրա ահաբեկչական հարձակման հետքերը ևս գնում են Իրան»,- նշվում է Հաջիզադեի հայտարարության մեջ, որը տարածել է այդ երկրի ԱԳՆ մամլո ծառայությունը։ 

Հաջիզադեի խոսքով՝ Բաքուն վճռականորեն դատապարտում է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասար Քանանի Չաֆիի հայտարարությունը։ «Նրա խոսքերը հերթական քայլն են ադրբեջանա-իրանական հարաբերությունները ճգնաժամի հասցնելու ուղղությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Լուսանկարը՝ themedialine.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter