HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել հարյուրավոր ռուսաստանցիների և ռուսական ընկերությունների նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել հարյուրավոր ռուսաստանցիների և ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են այդ երկրի նախագահի պաշտոնական կայքում։

Մասնավորապես, ուկրաինական պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կինն ու որդին՝ Սվետլանա ու Իլյա Մեդվեդևները։ Սահմանափակումներ են սահմանվել նաև մարմնամարզիկ Ալինա Կաբաևայի մոր՝ Լյուբով Կաբաևայի նկատմամբ։ Բացի այդ, ցանկում ներառված են նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի դուստրը՝ Տաբարիկ Կադիրովան, ինչպես նաև ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի դուստրերը՝ Լյուբով և Նադեժդա Կիրիենկոները։

Նրանցից զատ, պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Հյուսիսային հոսք-2»-ի գլխավոր տնօրեն Մաթիաս Վարնիգը, որը մարտի 30-ին հայտարարել էր իր հրաժարականի մասին, ինչպես նաև ուկրաինական «Мотор Сич» ռազմավարական ձեռնարկության նախկին ղեկավար Վյաչեսլավ Բոգուսլաևը, որն Ուկրաինայում ձերբակալվել է պետական դավաճանության մեղադրանքով։

Սահմանափակումները մտցվել են 5-10 տարով։ Պատժամիջոցները նախատեսում են ակտիվների արգելափակում, առևտրային գործընթացների դադարեցում, լիցենզիաների զրոյացում և մի շարք այլ միջոցներ։

Ռուսաստանցի ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառում 2014 թվականից ի վեր։ Պատերազմի մեկնարկից հետո Ուկրաինայի իշխանությունները շարունակում էին ընդլայնել սահմանափակման միջոցները։ Մասնավորապես, 2023 թվականի մարտին պատժամիջոցներ էին սահմանվել ռուսական բուքմեյքերական ընկերությունների և գործարարների նկատմամբ, իսկ փետրվարին սահմանափակումները վերաբերում էին նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց, որոնք կապ ունեին Վագների մասնավոր զինվորական կազմակերպության, ինչպես նաև Մոսկվայի բորսայի ու ռուսական բանկերի ղեկավարների հետ։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter