HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան Լեհաստանից պատվիրել է 100 Rosomak զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից պատվիրել է Rosomak տեսակի 100 ութակնանի մարտական զրահափոխադրիչ։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։ Նա նշել է, որ գնումը կվճարվի այն գումարներից, որոնք Ուկրաինային կտրամադրեն ԵՄ-ն ու ԱՄՆ-ն։

Ինչպես նշում է լեհական Rzeczpospolita թերթը, համապատասխան հայտարարությունը վարչապետն արել է Սեմյանովիցե-Սլյոնսկե քաղաքում Rosomak SA ընկերության գործարան իր այցի ժամանակ, որտեղ և արտադրում են այդ զրահափոխադրիչները։ Պարբերականի տվյալներով՝ գործարանը կարող է տարեկան արտադրել մինչև 100 մեքենա, սակայն եթե այն բերվի երկու հերթափոխով աշխատանքի, ապա արտադրության ծավալները կմեծանան երկու անգամ։

Rosomak-ը ֆիննական Patria AMV մարտական զրահափոխադրիչների լիցենզավորված տարբերակն է։ Ինչպես նշում է BBC-ն, այդ մեքենան կառուցված է մոդուլային սկզբունքով. մեկ ընդհանուր շասսիի վրա կարելի է տարբեր տեսակի մեքենաներ հավաքել։ Դրա շնորհիվ Rosomak-ը թողարկում է ավելի քան 1,5 տասնյակ տարբերակներ, որոնց թվում են զրահափոխադրիչներ, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց ականանետեր, հակատանկային, հրամանատարական, ինժեներական, սանիտարական և այլ մեքենաներ։

Հունվարին ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինային կփոխանցի Stryker տեսակի ութակնանի զրահափոխադրիչներ, որոնք իրենց բնութագրիչներով մոտ են լեհական Rosomak-ին։ Մարտի վերջին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել էր, որ առաջին մեքենաներն արդեն իսկ զինուժում են։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն մտադիր է մատակարարել 90 զրահափոխադրիչ։ Բացի այդ, մարտին հայտնի դարձավ, որ Ուկրաինա են ժամանել AMX-10RC տեսակի առաջին անվավոր տանկերը, որոնք խոստացել էր մատակարարել Ֆրանսիան։

Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոյի խոսքով՝ հունվարի վերջի դրությամբ արևմտյան երկրները խոստացել էին Կիևին փոխանցել ավելի քան 300 տանկ։ Ավելի ուշ, Գերմանիայի իշխանությունները նաև հավանություն էին տվել Ուկրաինային 178 Leopard 1 տանկերի փոխանցումը՝ ի հավելումն ավելի վաղ ազդարարված մատակարարումների։

Լուսանկարը՝ Rosomak SA ընկերության պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter