
Ռուսաստանը մեկ ամսով կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Ռուսաստանը 2023 թվականի ապրիլ ամսին կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այդ մասին նշվում է Կազմակերպության թվիթերյան միկրոբլոգում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահող երկրները փոփոխվում են յուրաքանչյուր ամիս։ Հերթականությունը որոշվում է անգլերենով երկրների անվանումների այբբենական կարգով: Մինչ Ռուսաստանին փոխանցվելը, նախագահող երկիրը Մոզամբիկն էր, իսկ մայիսին այն կնախագահի Շվեյցարիան։
Russia assumes the rotating presidency of the Security Council for the month of April.
— United Nations (@UN) April 1, 2023
Follow @RussiaUN for updates. https://t.co/HY9A9l8bCM pic.twitter.com/absWJ9rXcq
Սովորաբար այդ իրադարձությանը մեծ նշանակություն չի տրվում, քանի որ նախագահող երկիրը չունի որևէ հատուկ լիազորություն։ Դրա ներկայացուցիչը գումարում, բացում և վարում է նիստերը, ստորագրում ընդունված փաստաթղթերը։ Ավելին, նախագահող երկիրը նույնիսկ չի կարող ազդել Անվտանգության խորհրդի օրակարգի վրա, քանի որ օրակարգը հաստատվում է քվեարկությամբ։
Այդուհանդերձ, բուն փաստը, որ Ռուսաստանը 2022 թվականին Ուկրաինայում լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր դարձել է Անվտանգության խորհուրդը նախագահող երկիր, այդ իրադարձության նկատմամբ մեծ ուշադրություն է գրավել։
Մասնավորապես, ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան և Եյլի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Զոնենֆելդը Time ամսագրում հոդված են հրապարակել, որտեղ այդ իրադարձությունն անվանել են «միջազգային դիվանագիտության նկատմամբ ծաղր»։ «Հայտնի գողերին թույլ չեն տալիս ղեկավարել բանկերը, իսկ սեռական հանցագործությունների համար դատապարտվածներին չեն հանձնարարում ղեկավարել մանկապարտեզները»,- գրել են հոդվածի հեղինակները։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահությունն անվանել էր «վատ կատակ»։
Russian UN Security Council presidency on April 1 is a bad joke. Russia has usurped its seat; it’s waging a colonial war; its leader is a war criminal wanted by the ICC for kidnapping children. The world can’t be a safe place with Russia at UNSC #BadRussianJoke #InsecurityCouncil
— Dmytro Kuleba (@DmytroKuleba) March 30, 2023
Իր հերթին The Guardian-ը գրում է, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Խորհրդում նրանց դաշնակիցները, ամենայն հավանականությամբ, կհայտնեն իրենց անհամաձայնությունը՝ նվազեցնելով իրենց ներկայացուցչության մասնակցության մակարդակն այն միջոցառումների ժամանակ, որոնք ապրիլ ամսվա ընթացքում կկազմակերպվեն Ռուսաստանի կողմից։ Այդուհանդերձ, պարբերականը նաև նշում է, որ բոյկոտի մասին խոսք չի գնում։
Լուսանկարում՝ ՄԱԿ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Վասիլի Նեբենզյան/Ed Jones/AFP via Getty Images
Մեկնաբանել