HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին ատյանի 220 դատավորների աշխատավարձերը կբարձրանան 60 տոկոսով

ՀՀ արդարադատության նախարարությունը՝ առաջնորդվելով Դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությամբ, ելնելով դատավորի անկախությունը երաշխավորելու և առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակներից, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից, մշակել է նախագիծ, որով նախատեսվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության՝ քրեական, քաղաքացիական, վարչական և սնանկության բոլոր դատարանների՝ 220 դատավորների աշխատավարձերի հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով, հավասարվելով՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Վերջին տարիներին առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված՝ վարչական և սնանկության դատարաններում, գործերի քանակի շարունակական աճը հանգեցրել է նշված դատարանների դատավորների գերծանրաբեռնվածության, ինչի համատեքստում առաջացել է տվյալ դատավորների աշխատավարձերի վերանայման անհրաժեշտություն։

«Ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված՝ վարչական և սնանկության դատարանների դատավորները, այնպես էլ հակակոռուպցիոն դատարանների բոլոր դատավորներն ունեն նույն գործառութային կարգավիճակը՝ հանդիսանալով առաջին ատյանի դատարանի դատավորներ, լիազորությունների նույն բնույթը և բովանդակային ծավալը, կատարում են նույն պարտականությունները, հավասարապես պատասխանատվություն են կրում պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար, աշխատում են նույն ծանրաբեռնվածությամբ, բոլորը հավասարապես պարտավոր են պահպանել դատավորի վարքագծի և էթիկայի կանոնները և ըստ այդմ, նրանց համար նախատեսված նյութական և սոցիալական երաշխիքները պետք է լինեն հավասար։

Հարկ է արձանագրել, որ դատավորների իրավական կարգավիճակը բնորոշող հատկանիշների համակարգում, ի թիվս այլնի, առանցքային կարևորություն ունեն նյութական և սոցիալական անկախության երաշխիքները, ուստի դատավորի նյութական և սոցիալական անկախության նախադրյալների ապահովումն ունի առանձնահատուկ կարևորություն»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter