Սերգո Կարապետյան. «Եթե այսպես շարունակվի, կունենանք լուրջ խնդիրներ մթերման շղթայում»
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է պտուղբանջարեղենային պահածոներ, ապակյա տարաներ և կափարիչներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Խորհրդակցության առիթը օրեր առաջ վերամշակող ճյուղի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առաջ քաշված խնդիրներն են՝ կապված ապակյա տարաներ արտադրող ընկերությունների կողմից արտադրության դադարեցմամբ:
«Մթերման հիմնական գործընաթացը չի սկսվել: Եթե այսպես շարունակվի, կունենանք լուրջ խնդիրներ մթերման շղթայում: Հիմնական սեզոնը կսկսվի 10-15 օրից, իսկ պտուղբանջարեղենային պահածոների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների գերակշիռ մասը տարաներ չունի»,- մեկտեղելով ոլորտի ներկայացուցիչներին՝ նշել է Սերգո Կարապետյանը՝ նկատելով, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել առաջացած խնդիրը կարգավորելու համար:
Նախարարի պաշտոնակատարի դիտարկմանն ի պատասխան՝ ապակյա տարաների արտադրությամբ զբաղվող «Գլաս ուորլդ քամփնի» ընկերության ներկայացուցիչն էլ հաստատել է այն, որ տեղական արտադրողի համար տարաներ չեն կարող արտադրել, իրենց արտադրանքն արտահանվում է Վրաստան՝ ապակյա տարաներ արտադրելով «Բորժոմիի» պատվերով: Սրանով պայմանավորված ոլորտում համեմատաբար խոշոր ընկերություն համարվող «Գլաս ուորլդ քամփնին» ներքին շուկայի պահանջարկը մինչև օգոստոսի սկիզբ չի կարող բավարարել:
Խորհրդակցությանը մասնակցող մեկ այլ՝ «Սարանիստ» ՍՊԸ -ի ներկայացուցիչն էլ իրենց կողմից ապակյա տարաների արտադրանքի դադարեցումը հիմնավորել է ընկերության վերազինմամբ՝ նշելով, որ հաջորդ տարի միայն կկարողանան տալ արտադրանք:
«Ինչպես գիտեք, գյուղատնտեսությունը հայտարարված է գերակա ոլորտ, և այս առումով այն հանրապետության նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Յուրաքանչյուրս պետք է նպաստենք մթերման գործընթացի ժամանակին ու անկորուստ կազմակերպմանը, որով պայմանավորված է ոլորտի զարգացումը»,- նշել է Սերգո Կարապետյանը՝ խորհրդակցության մասնակիցներին առաջարկելով մեկ-երկու օրվա ընթացքում ներկայացնել արտադրության վերսկսման և իրավիճակի կարգավորման համար ձեռնակվող քայլերի մասին տեղեկատվություն՝ ապակյա տարաների ներքին շուկայի պահանջարկն առաջնահերթ կերպով բավարարելու համար: Այս մասին հայտնում է գյուղնախարարության մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել