HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնում բացահայտվել են միացություններ, որոնք կարող են նպաստել նոր հակամանրէնային դեղերի ստեղծմանը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտնականները բացահայտել են նոր միացություններ՝ ոչ սպիտակուցային ամինաթթուներ և սինթետիկ պեպտիդներ, որոնք օժտված են յուրահատուկ հակամանրէնային ակտիվությամբ և պրոտեազներ արգելակելու ունակությամբ: Այս մասին հաղորդում է ԳԱԱ մամուլի ծառայությունը։

Դրանցից են ոչ սպիտակուցային ամինաթթու (2R,3S)-հիդրոքսիլեյցինն և սինթետիկ պեպտիդ N-ֆորմիլ-մեթիոնիլ-(2R,3S)-հիդրոքսիլեյցինը: Այս միացություններն ունակ են նաև արգելակելու սերինային պրոտեազներ՝ օրինակ տրիպսինը: Դիպեպտիդ N-t-BOC-գլիցիլ-(S)-2-ամինա-3-(4-((4-ֆտորֆենիլ)-էթինիլ)-ֆենիլ)-α-ալանինը (N-t-BOC-գլիցիլ-zm68) արգելակում է Closridium histolyticum պաթոգեն մանրէների կողմից արտազատված կոլագենազը, որը նպաստում է տեր բջիջների քայքայմանը բորբոքային գործընթացների ժամանակ:

«Հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների առկայությունը և տարածումը ժամանակակից բժշկության մարտահրավերներից է, որը ստիպում է գիտնականներին փնտրել այլընտրանքային ճանապարհներ կայուն մանրէների դեմ պայքարելու համար: Ուղիներից մեկը նոր հակամանրէնային ակտիվությամբ օժտված միացությունների բացահայտումն է: Մենք հետազոտեցինք սինթետիկ ամինաթթուների և պեպտիդների ազդեցությունն արտաքին միջավայրից անջատած հակաբիոտիկների նկատմամբ կայուն Pseudomonas, Xanthomonas և այլ ցեղերի շտամների աճի վրա և բացահայտեցինք ոչ սպիտակուցային ամինաթթու HS100, որն արգելակում է կայուն մանրէների՝ Klebsiella, Streptococcus և Staphylococcus մանրէների որոշ շտամերի աճը՝ նվազեցնելով մանրէների տիտրը մոտ 5 կարգով»,- ասաց հետազոտության գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Էկոլոգիական անվտանգության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հովհաննիսյանը:

Հետազոտության կիրառական նշանակությունն այն է, որ հակամանրէնային ակտիվությամբ օժտված նոր միացությունները կարող են նպաստել նոր հակամանրէնային դեղերի ստեղծմանը: 

Հետազոտության արդյունքում ստացված գիտական արդյունքները տպագրվել են ՀՀ գիտական ամսագրերում, ներկայացվել՝ միջազգային գիտաժողովներում:

Հետազոտությունը կատարվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում բազային ֆինանսավորմամբ իրականացվող «Pseudomonas և Xanthomonas ցեղերին պատկանող մանրէների հակաբիոտկների նկատմամբ կայունության հախթահարումը» ծրագրի շրջանակներում: Հետազոտական աշխատանքներում ներգրավված են երիտասարդ գիտնականներ: Ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի ուսանողները գրել են երկու ավարտական աշխատանք և երկու մագիստրոսական թեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter