
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունն այդ երկրի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ և միջազգային հարթակներում:
Հանդիպման ընթացքում Մարիան Քերին իր խոսքում ասել է, որ լավատեղյակ է Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման շուրջ կատարվող իրադարձություններին և շեշտել հումանիտար միջանցքի բնականոն գործունեության վերականգնման անհրաժեշտությունը:
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական դիվանագիտության խթանմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև քաղաքական ամենաբարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:
Մեկնաբանել