
«Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելության ուղարկման ժամկետները կախված են Երևանից». Զախարովա
Հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության ուղարկման ժամկետները կախված են Երևանից։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ ապրիլի 5-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանը համոզված է, որ այդպիսի քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, իսկ Մոսկվան ու դաշնակիցները պատրաստ են դրան։
«Այդպիսի որոշումները համաձայնեցվում և հաստատվում են ՀԱՊԿ-ում, հաստատվում են Հավաքական անվտանգության խորհրդի բարձր մակարդակով որոշմամբ։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, ինձ թվում է, որ այստեղ էլ ամեն ինչ պարզ է։ Ամեն բան կախված է հայ գործընկերներից։ Հենց որ նրանք պատրաստ լինեն, մենք կկարողանանք վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ մոդելի ամրապնդման առարկայական աշխատանքներին։ Այնպես որ գնդակը Երևանի դաշտում է»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բավարարված է ՀԱՊԿ ներկայացուցիչներին ընդունելու Երևանի հետաքրքրվածության պահպանմամբ։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել