HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարձակում Բրազիլիայի մանկապարտեզներից մեկի վրա. զոհվել է 4 երեխա

Առնվազն 4 երեխա է զոհվել և ևս 4-ը վիրավորվել, երբ մուրճով զինված հանցագործը Բրազիլիայի հարավում գտնվող Բլումենաու քաղաքում հարձակվել է մանկապարտեզներից մեկի վրա։ Ինչպես գրում է BBC-ն, հարձակման պահին մանկապարտեզում եղել է մոտ 40 երեխա։

Քաղաքային հիվանդանոցից հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված բոլոր երեխաները մինչև 3 տարեկան են։ Ոստիկանության տվյալներով՝ հանցագործը ցատկել է մանկապարտեզի ցանկապատի վրայով և սկսել մուրճով անկանոն հարվածներ հասցնել։ Ավելի ուշ, հա ինքնուրույն ներկայացել է ոստիկանական բաժանմունք և ձերբակալվել։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հարձակումն անվանել է հրեշավոր արարք։ «Չկա ավելի մեծ ցավ ընտանիքի համար, քան երեխաների կամ թոռների կորուստը, առավել ևս, եթե դա բռնի գործողություն է անմեղ և անպաշտպան երեխաների նկատմամբ։ Մտքերով և աղոթքներով ես այդ ողբերգության զոհերի ընտանիքների հետ եմ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բրազիլիայի առաջնորդը։

Սանտա Կատարինա նահանգի նահանգապետ Ժորժինյու Մելուն նահանգում հայտարարել է եռօրյա սուգ, ինչը կապված է Բլումենաու քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ։ Նահանգի դպրոցներում մեկ օրով չեղարկվել են դասերը։ 

Վերջին տարիներին Բրազիլիայում գրանցվում են դպրոցներում բռնության դեպքերի աճ, չնայած մանկապարտեզներում սա առաջին դեպքն է։

Նախորդ շաբաթ Սան Պաուլուում 13-ամյա դպրոցականը դպրոցում դանակահարել էր իր ուսուցչին։ Նախորդ տարվա նոյեմբերին էլ 16-ամյա հանցագործը երկրի հարավ-արևելքում գտնվող Էսպիրիտու Սանտու նահանգի Արակրուս քաղաքում երկու դպրոցների վրա հարձակման ժամանակ սպանել էր 4 և վիրավորել ավելի քան 10 մարդու։

2019 թվականին Սան Պաուլուի արվարձաններից մեկում գտնվող դպրոցում երկու նախկին դպրոցականներ սպանել էին 8 մարդու, այնուհետ ինքնասպան եղել։ 

Սակայն ամենազանգվածային սպանդը գրանցվել էր 2011 թվականին, երբ Ռիո դե Ժանեյրոյի արվարձաններից մեկում երիտասարդը, որը սովորել էր դպրոցներից մեկում, սպանել էր այդ դպրոցի 12 աշակերտի, որից հետո ինքնասպան եղել։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter