HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիայի դեսպանությունը փոփոխություն է կատարել վիզայի դիմումի պայմանավորվածություն ամրագրելու կարգում

Տևական ժամանակ է՝ քաղաքացիները բողոքում են, որ եվրոպական երկրների դեսպանատներում մեծ հերթեր են և առաջիկա ամիսների համար դեսպանատանն օր ամրագրել հնարավոր չէ, այնինչ որևէ տուրիստական գործակալություն դիմելիս վերջիններս կարողանում են դեսպանատուն մտնելու օր ամրագրել։

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտնում է, որ փոփոխություն է կատարել շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելու կարգում՝ հաշվի առնելով վերջին շրջանի դժվարությունները։

Այդ խնդրին «Հետքն» անդրադարձել էր ամիսներ առաջ։ 

«Դեսպանությունը ուրախությամբ հայտնում է, որ այսուհետ ևս դեսպանության կայքում յուրաքանչյուրը կարող է անվճար գրանցվել։ Պայմանավորվորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտավորապես 3 շաբաթ առաջ։ Այս փոփոխության արդյունքում ճամփորդող քաղաքացիները ավելի ապահով կարող են պլանավորել իրենց այցը։ Վիզա ստանալու դիմումի հետ կապված բոլոր մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»,- նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

Ըստ Վիզակոդեքսի 12-րդ հոդվածի՝ շենգենյան վիզայի գործերը կարելի է հանձնել նախատեսած այցից ամենաշուտը վեց ամիս առաջ: Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է: Հերթագրումը կատարվում է առցանց և անվճար է: Կախված վիզայի տեսակից՝ դիմումի քննությունը կարող է շաբաթներ տևել: 

Պայմանավորվածության օրը գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճիշտ են մուտքագրել իրենց անձնագրային տվյալները։

Դեսպանության սպասման ցանկերում գրանցումը ԱՆՎՃԱՐ է։ Տուրիստական գործակալությունների կամ այլ երրորդ անձանց միջոցով  վճարովի հիմունքներով չի կարող ավելի վաղ պայմանավորվածություն տրամադրվել։ Տուրիստական գործակալությունները կարող են պայմանավորվածություն գրանցել նույն կերպ, ինչպես Դուք ինքներդ։ Դեսպանությունը չի համագործակցում տուրիստական գործակալությունների հետ։

Հերթագրումը կարելի է իրականացնել հետևյալ հղումով․

Առցանց հերթագրման համակարգ

Խնդրում ենք մտածել պայմանավորվածություն ստանալու համար ժամանակին գրանցման մասին։

Յուրաքանչյուր դիմողի, նաև երեխաների համար, անհրաժեշտ է առանձին պայմանավորվածություն ամրագրել: Չի կարելի մեկ հերթագրման համար մի քանի անուն գրանցել։ Առանց հերթագրման կամ սխալ տվյալներով հերթագրված անձինք նույնպես չեն կարող դեսպանություն մտնել։

Պայմանավորվածություններն ամրագրվում են բացառապես այդ համակարգում գրանցումից հետո։ Ուղիղ կերպով ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ պայմանավորվածություն ամրագրել։

Անհետաձգելի բուժման նպատակով վիզայի դիմումների ընդունման վերաբերյալ.

Չնախատեսված՝ անհետաձգելի բուժման ցուցումով Գերմանիա մեկնել ցանկացողները կարող են վիզայի համար դիմել առանց նախնական հերթագրման՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 08:00-ին, պահանջվող փաստաթղթերի լիարժեք փաթեթով ներկայանալով դեսպանություն, որտեղ կորոշվի՝ ընթացք տալ դիմումին առանց հերթագրման, թե ոչ:

Առանց հերթագրման դիմումին ընթացք կարող է տրվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ հայաստանյան մասնագիտացված որևէ բուժհաստատության կողմից տրված տեղեկանք ներկայացնելու դեպքում, որում հաստատված լինի, որ տվյալ հիվանդության համար Հայաստանում հիմնականում բուժման հնարավորություններ չկան:

Միայն խորհուրդը, որ ավելի լավ է բուժվել Գերմանիայում, կամ բուժառուի՝ բուժումը Գերմանիայում ստանալու ցանկությունը, բավարար չեն:   

Վերոնշյալ տեղեկանքի բացակայության դեպքում վիզայի դիմումին առանց հերթագրման չի կարող ընթացք տրվել:

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ, որ անձնակազմի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր է, որ դեսպանություն ներկայացած որոշ դիմումատուներ սպասարկվեն հաջորդող օրերին: Առանց հերթագրման բժշկական վիզաների դիմումների ընդունումը խիստ սահմանափակված է։

Դեսպանություն մուտք գործելու համար անվտանգության աշխատակիցներին պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ հայաստանյան որևէ մասնագիտացված բուժհաստատության կողմից տրված տեղեկանք (բնօրինակ և գերմաներեն թարգմանություն) առ այն, որ տվյալ հիվանդության համար Հայաստանում հիմնականում բուժման հնարավորություններ չկան:

  • լրացված Videx-ձևաթուղթը,
  • կլինիկայի/բժշկի կողմից տրված հրավերը,
  • էպիկրիզը/ախտորոշումը (դիագնոզ) (բնօրինակը և գերմաներեն թարգմանությունը)
  • հիվանդանոցի/բժշկի կողմից ներկայացված նախահաշիվը,
  • ապացույց բուժման ծախսերը փոխանցելու/վճարելու վերաբերյալ
  • բուժման նպատակով այցի վերաբերյալ հուշաթերթիկում նշված փաստաթղթերը:
  • Վիզայի վերաբերյալ որոշումը, որպես կանոն, կայացվում է 3-4 աշխատանքային օրում:
  • Ազգային վիզայի համար հերթագրվելիս խնդրում ենք հաշվի առնել, որ գործերի քննման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում (սովորաբար՝ 6-12 շաբաթ)։

Ավելի մանրամասն՝ դեսպանության էջում։

Լուսանկարը՝ www.schengenvisainfo.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter