HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Երեխան Աստծո պարգևն է, չի կարելի հրաժարվել այդ պարգևից»

Փոքրիկն՝ առանց օտարության դույզն-ինչ նշույլի, թաթիկներով ձգվում է դեպի ինձ ու հարմարավետ տեղավորվում գրկումս: Դեմքին հայտնված ժպիտից ու մանկական անհասկանալի ճռվողյունից ենթադրում եմ, որ գոհ է կատարած ընտրությունից: Վեց ամսական Էլինան ծնվել է անցած տարի՝ սեպտեմբերի 23-ին: Նա Գասպարյանների բազմանդամ ընտանիքի 12-րդ ներկայացուցիչն է: Տասը երեխա է մեծանում ջաջուռաբնակ Աշոտի և Լիանայի համերաշխ ընտանիքում՝ 6 տղա և 4 աղջիկ:

-Կնոջդ ամուսնությունից առաջ տեղյակ պահե՞լ էիր, որ շատ երեխաներ պիտի ունենաք,-հարցնում եմ Աշոտին:

-Բնականաբար,- պատասխանում է ընտանիքի հայրը,- ասել եմ, ինքն էլ համաձայնել է:

-Հա, ասել էր,- հաստատում է Լիանան:

-Ասել էր՝ շատ, բայց ասե՞լ էր, որ տասն ու ավելին,- ծիծաղում եմ:

-Գիտեք՝ մենք խոսել ենք էդ մասին, բայց չէինք որոշել, թե քանիսը...,- նկատում է Լիանան:

-Ես ուզում եմ Ավետարանի տողերը մեջբերել, եթե կարելի է,- Աշոտը հարցական նայում է դեմքիս և ստանալով հավանության նշան՝ շարունակում,- այնտեղ գրված է՝ երեխան Աստծո պարգևն է, չի կարելի հրաժարվել այդ պարգևից: Մենք երբեք չենք մտածել, թե հերիք է կամ չենք ուզում, որ երեխա ծնվի, երբեք սեռի հարց չի դրվել: Համամիտ եմ՝ դժվար է այսքան երեխա պահելը, բայց մենք չենք դժգոհում:

Աշոտի մայրը՝ տիկին Անահիտը ևս չի դժգոհում, բայց ծիծաղելով նկատում է, որ տան միակ ընդդիմադիրն ինքն է: «Մեղքս ինչ թաքցնեմ, ես դեմ եմ եղել, օր էսքան շատ ունենային, բայց որ ունեցել են, ուրեմն բդի պահենք: Մարդիկ հըմի կդժվարնան իրանց երկուսին պահեն, մենք տասին կպահենք: Կողքից կըսեն՝ հերոս եք, կարող է և հերոս ենք, հլը որ հարսիս կոչում չեն տվել»,- կինը ծիծաղում է:

«Հերոս մայր» կոչմանն արժանանալու գործընթացն ամուսինները սկսել են մեկ ամիս առաջ: Սոցիալական ծառայության Ախուրյանի մասնաճյուղում չեն հավատացել, որ 10 երեխա ունեն, զանգահարել են Ջաջուռի վարչական ղեկավար Կոլյա Գրիգորյանին: «Զանգել ինձ հարցնում էին՝ ճի՞շտ է, որ էդքան երեխա ունեն,- ծիծաղելով պատմում է վարչական ղեկավարը,- հարցնում եմ՝ երեխաների ծննդականները բերե՞լ են, ասում են՝ հա՛, հարցնում եմ՝ տասը հա՞տ է, ասում են՝ հա՛, բա ասում եմ ինձ ինչի՞ եք զանգել, մարդիկ փաստաթղթերով ապացուցում են, որ էդքան երեխա ունեն: Ես էլ իմ կողմից հաստատեմ՝ 10-ն են, ոչ ավել, ոչ պակաս»:

Սոցծառայության աշխատակիցներին երևի շփոթության էր մատնել ամուսինների տարիքը՝ Լիանան 37 տարեկան է, Աշոտը` 42: Ամուսիններից բազմազավակ ընտանիքում մեծացել է Լիանան՝ հինգ երեխա, Աշոտը միայն մեկ քույր ունի: Տիկին Անահիտը կատակով նկատում է, թե որդին իր սխալներն է ուղղում: 

Տան մեծահասակներին խնդրում եմ թվարկել երեխաներին՝ անուններով և նշել տարիքները: Տատն ու հայրը մի փոքր խառնում են, օգնության է գալիս ընտանիքի մայրը: Երեխաներից ավագը՝ Անահիտն է, 14 տարեկան, կրում է տատի անունը: Տիկին Անահիտը նշում է, որ Ջաջուռի դպրոցի պարծանքն է, շատ լավ է սովորում, երազում է իրավաբան դառնալ: Գասպարյանների ավագ տղան`Աղասը, 13 տարեկան է, դպրոցում այնքան էլ լավ չի սովորում, դրա փոխարեն շատ լավ գլուխ է հանում տեխնիկայից, անգամ հասցրել է հարևանի փչացած վառարանը սարքել: Երեխաներից հինգը՝ Անահիտը, Աղասը, Արսենը, Արամը և Ռոլանդը, դպրոց են հաճախում, 6-ամյա Գարիկը՝ նախակրթարան, Վերան (5 տարեկան) և Արիստակը (4 տարեկան)՝ մանկապարտեզ, տանը մնում են 2-ամյա Աննան և 6 ամսական Էլինան:

Բազմանդամ ընտանիքի միակ եկամուտը պետության կողմից ամեն ամիս տրվող նպաստն է՝ 95 հազար դրամ: Գասպարյանների զբաղեցրած բնակելի մակերեսը 76 քմ է: Բացի խոհանոցից, մնացած սենյակներում միայն մահճակալներ են տեղադրված: Հյուրանոցի բազմոցնը ևս ցերեկային ժամերին երեխաների համար ծառայում է որպես քնատեղ: 13 հոգով 3 զգեստապահարան ունեն, այն էլ ոչ բարվոք վիճակում գտնվող: Ողջ ընտանիքով մեկ սեղանի շուրջ ճաշելն առայժմ մնում է երազանք: Աշոտն ասում է, որ խումբ-խումբ են հաց ուտում: Փոքրիկ սեղանի մոտ դրված թախտին ու աթոռներին կարող են տեղավորվել ընդամենը 5-6 հոգի: 

Տանտիրուհու ամենամեծ օգնականը լվացքի մեքենան է, վերջերս նաև սպասք լվանալու սարք են ձեռք բերել: «Մեղքս կուդար, օր Լիանը մինչև գիշերը ժամը 23-ը կուխնին աման կլավանար: Ասի մի հատ աման լվանալու մեքենա առնինք, էդ հոգսից էլ պրծնի»,- ասում է Աշոտը: Ինչ-որ նոր բան ձեռք բերելուն սովորաբար ուղղվում են երեխաների ծննդից հետո տրվող գումարները: «Մեր տանն ամեն կոպեկն հաշված է, ավելորդ կաշխատինք չծախսվինք: Ինչ փող, օր կուդան, կդնեմ իրար վրա, մե բանմ կառնիմ տան համար»,-նկատում է Աշոտը: Վերջինս փորձում է նաև բիզնես ծրագրերի մասնակցել, սակայն պահանջվող 20 տոկոս ներդրումը մշտապես հետ է պահում:

«Կհետաքրքրվիմ, թե ինչ ձևով գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերեմ, մե փոքր մոտոբլոկմ եմ առել տնամերձի գործերն էնելու համար, բայց որ գյուղից վարձով կուզեն, օր իրանց հողն էլ վարեմ՝ կերթամ: Սեփական վարելահող չունիմ՝ վարձակալել եմ: Անասուն շատ ունեինք, բայց մի երկու-երեք տարի առաջ, օր չորային եղավ, խոտ չկարողացա ապահովեի՝ ծախեցինք, հըմի մի հատ կով է մնացել,- բացատրում է Աշոտը,- էս տարի գուզեմ անփուշ մոշի այգի տնկեմ՝ 200 հատ շիվ եմ առել: Տանս պայմանները շատ կուզենայի բարելավել: Վիվասելին դիմեցինք, ըսեցին պատերն ու կռիշը սարքեք, մենք մնացածը կենենք: Անցած տարի մայիս ամիսն էր, զանգեցի, թե էրել ենք, մերժեցին՝ թե բա մեզի ապրիլին բդի զանգեիք, ուշացրել եք: Ես ըսեցի, օր Ջաջուռ ապրիլին եղանակը շատ ցուրտ է, հեչ մարդ էլ շինարարություն չի էնե, բայց իրանք հաշվի չառան: Ըդպես հիասթափվա, էլ իրանց չեմ դիմե, չնայած շատ գուզեի մե սենյակմ սարքվեր, որ երեխեքը միջանցքը չքնեին: Կողքից օր կլսես, թե Վիվասելը տուն կսարքե, մեծ մասը չի պատկերացնե, օր 10 մլն դրամ կուդան, պիտի 20 տարվա մեջ հետ տաս, ինչխոր անտոկոս վարկ էղնի: Ոչինչ, ես փող կհավաքեմ, քիչ-քիչ կսարքեմ, չնայած դժվար է էսքան հոգսի մեջ»:

Ինչ են խոսում ջաջուռցիները Գասպարյանների բազմանդամ ընտանիքի մասին և ինչպիսի վերաբերմունք ունեն: Փորձեցինք պարզել փոքրիկ հարցուփորձի միջոցով.

«Աշոտն անչափ աշխատասեր ու թասիբով է: Իրան պարապ չես տեսնի: Վարելահող չուներ, գյուղի պարապ, անջրդի տարածքներից վարձակալեց՝ կմշակե: Ուրիշը լիներ, հաստատ էդ հողերը չէր վերցնի, բայց ինքը համաձայնեց, չնայած տանջանքը շատ էր»,- ասում է Ջաջուռի վարչական ղեկավար Կոլյա Գրիգորյանը:

«Լիանայի հինգ երեխան դպրոց են հաճախում միշտ մաքուր, կոկիկ հագնված: Ես դեռ չեմ տեսել, որ որևէ մեկի հագուստը կեղտոտ լինի: Մենակ տեսնեք, թե ինչ հոգատար են էրեխեքն իրար նկատմամբ՝ մեծերը տանեն փոքրերին տեղավորեն, ընդմիջումների ժամանակ մեկը մյուսին հետևեն: Շատ օրինակելի ընտանիք են Գասպարյանները»,- նկատում է Ջաջուռի դպրոցի տնօրեն Թամարա Սուվարյանը:

«Աշոտենց տունը տասը երեխա է, բայց հլը գնացեք, տեսեք մե ձենըմ կլսե՞ք: Դուք ոտնուգլուխ երկու երեխա եք, ձեներդ գյուղամեջ է հասել»,- սա էլ հարևանների կարծիքն է բազմանդամ, բայց չաղմկող, հաշտ ու համերաշխ ապրող ընտանիքի մասին:

Աշոտը քչախոս է, չի սիրում սաստել երեխաներին կամ գոռալով ինչ-որ բան ասել, ասում է՝ հանգիստ բացատրում եմ: «Միշտ ասում եմ, որ հարգալից լինեն մեծերի նկատմամբ, տրանսպորտի մեջ անպայման տեղ տան, ծանր պայուսակ տեսնեն ձեռքերը՝ օգնեն: Կփորձեմ ինչքան հնարավոր է դաստիարակեմ ու ըդուր համար պարտադիր չէ, օր ձենս բարձրցնեմ: Մերն ու տատը կնեղենան վրեքը, բայց էլի աղմուկ չկա մեր տունը»,- նկատում է Աշոտը: «Դե երեխա են, չարություն էնել էլ կա, բայց էդպիսի բան չկա, որ մի բան ասեմ հանկարծ չանեն, բոլորն էլ օգնում են ինձ: Քմահաճ չեն, ինչ կեփեմ՝ էն էլ կուտեն, չնայած իրանց ամենասիրած ուտելիքը կարտոշկի ժարիտն է,- ժպտալով հավելում է Լիանան,- իմ ամենամեծ երազանքը կապված է մեծ աղջկաս հետ, որ բարձրագույն ընդունվի, իր ուզած մասնագիտությունը կարողանա ձեռք բերել»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter