
Հանդիպում՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում
ԱԳՆ-ն հայտնում է, որ ապրիլի 7-ին Երևանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԱՄՆ Առևտրի քարտուղարի գլոբալ շուկաների գծով տեղակալ Արուն Վենկատարամանի համանախագահությամբ տեղի է ունեցել տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ, ՏԿԵ, ԲՏԱ, էկոնոմիկայի նախարարությունների և այլ պետական կառույցների, իսկ ամերիկյան կողմից՝ առևտրի քարտուղարության և պետքարտուղարության ներկայացուցիչներ:
Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել ընդհանուր ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա խարսխված Հայաստան-ԱՄՆ գործընկերությունը։ Կարևորվել է հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդումը՝ ուղղված ընդհանուր բարեկեցության խթանմանը և տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել առևտրի, ներդրումների, էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը։ Կողմերը նախանշել են հետագա աշխատանքների առաջնահերթությունները և իրականացվելիք քայլերը։
Մեկնաբանել