
Ռուսաստանցի որոշ գործիչներ կոչ են անում վրեժ լուծել զինվորական բլոգերի սպանության համար
Ռուս ռազմական բլոգեր Վլադլեն Տատարսկու սպանությունից հետո ռուսաստանցի պատերազմամետ գործիչները վրեժխնդիր լինելու կոչեր են անում։
The Moscow Times-ը գրում է, որ Մաքսիմ Ֆոմինը (կեղծանունը՝ Վլադլեն Տատարսկի), որն ուկրաինական պատերազմի կողմնակից էր, սպանվել էր կիրակի օրը՝ ապրիլի 2-ին, Սանկտ Պետերբուրգի սրճարանններից մեկում տեղի ունեցած պայթյունի ժամանակ: Այս բլոգերը առավել հայտնի դարձավ նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Կրեմլում՝ Ուկրաինայի չորս շրջանների (Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժյեի և Խերսոնի մարզերի առանձին հատվածներ, խմբ.) Ռուսաստանին բռնակցման վերաբերյալ արարողության ժամանակ, հայտարարեց. «Մենք կհաղթենք բոլորին, կսպանենք բոլորին, կթալանենք բոլորին, ում պետք է»։ Վերջինս տելեգրամյան իր ալիքում ուներ ավելի քան կես միլիոն հետևորդ։
The Moscow Times-ի այն հարցին, թե ինչպես ռազմական թղթակիցները կարձագանքեն այս միջադեպին, 48 000 հետևորդ ունեցող Arbalet Z Govarit տելեգրամյան ալիքի բլոգեր Իվան Կոնդակովը ասել է, որ ոչ ոք չի վախենա։ «Դա մարտահրավեր է Ուկրաինայի և Արևմուտքի կողմից»,- նշել է նա։
Մի շարք բլոգերներ ռուսական իշխանություններին կոչ են արել վրեժխնդիր լինել Տատարսկու սպանության համար և առավել կոշտ գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի դեմ։ «Հողը պետք է այրվի Կիևի ցանկացած պաշտոնյայի ոտքերի տակ՝ լինի նա համազգեստով, թե առանց դրա»,- տելեգրամյան իր ալիքում գրել էր ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը։
Ну, что? Забудем? Простим?
— Маргарита Симоньян (@M_Simonyan) April 2, 2023
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն էլ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ չպետք է մոռացվի տեղի ունեցածը։ «Սրանով ուկրաինացի ահաբեկիչները պատերազմը տարել են մեր հայրենիքի թիկունքը»,- իր հերթին գրել էր ռազմական թղթակից Անդրեյ Ռուդենկոն։
Ուկրաինան, սակայն, հերքում է իր կապը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի հետ։
Տատարսկին ծնունդով Դոնբասից էր։ 2019 թվականին նա տեղափոխվել էր Մոսկվա և սկսել ռազմական բլոգերի իր կարիերան:
Ավելի վաղ, Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին, որ ձերբակալել են 26-ամյա Դարյա Տրեպովային, որը կասկածվում է Տատարսկուն պայթուցիկ պարունակող արձանիկը փոխանցելու մեջ։ Ըստ Ռուսաստանի հակաահաբեկչական կոմիտեի՝ գործողությունը կազմակերպվել է Ուկրաինայի հետախուզության կողմից՝ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետ միասին:
Մի քանի ամիս առաջ համանման սցենարով սպանվել էր նաև Դարիա Դուգինան՝ ռուսաստանցի ազգայնական գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դուստրը։ Դուգինան զոհվել էր ականապատ մեքենայի պայթյունից, երբ վերադառնում էր հայրենասիրական միջոցառումներից մեկից: Այս հարձակման մեջ ևս ռուս պաշտոնյաները մեղադրեցին ուկրաինական կողմին:
Բայց այս անգամ ռուսական իշխանությունները մեղադրում են նաև ընդդիմադիր գործիչներին, չնայած Նավալնու մամուլի քարտուղարը հերքում է իրենց կապը դրա հետ։
Պետրոս Սիմոնյան, Երևանի պետական համալսարանի Քաղաքագիտության բաժնի ուսանող
Մեկնաբանել