HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարնանային ծառատունկին Երևանում շուրջ 6000 ծառ կտնկվի

Երևանում այս տարի կանաչ տարածքները կընդլայնվեն շուրջ 15 հեկտարով, կանցկացվի 30 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Գարնանային ծառատունկին շուրջ 6000 ծառ կտնկվի, 4000-ը` «Եռաբլուրում», մնացածը՝ քաղաքի տարբեր հատվածներում: Ծառերի մեծ մասն արժեքավոր, երկարակյաց տեսակներ են՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, եղևնիներ, նաև 300 դեկորատիվ ծառեր կզարդարեն քաղաքի մայթեզրերն ու այգիները:

«Կանաչ ֆոնդի ընդլայնումը կապված է ոռոգման ցանցի հետ: Այս տարի նախատեսված է շուրջ 30 կմ՝ միայն կանաչապատման հիմնարկի ծրագրերում: Մոտ 8 կմ այս պահին արդեն անցկացված է»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը:

Այն  հատվածներում, որտեղ արդեն ոռոգում կա, մեկնարկել են կանաչապատման հիմնական աշխատանքներն ու ծառատունկը: 2023թ. կարևոր ու պատասխանատու նախագիծը «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհին անտառպուրակի հիմնումն է: Նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, ապրիլի 8-ին ծառատունկն է:

«Երևանի քաղաքապետարանն այս գարնանը մայրաքաղաքում կտնկի շուրջ 6000 ծառ, 4000-ը՝ Եռաբլրում, 1500-2000-ն էլ կձևավորեն քաղաքի մայթեզրերը: Ձեռք ենք բերել ավելի քան 20 ծառատեսակ: Ծառատեսակներից մոտավորապես 300 դեկորատիվ են, մնացած 1500-1700-ը սոսիներ են, կաղնիներ են, ձիակասկեր: Իհարկե, կարևոր է մեծ սաղարթով ծառեր տնկելը, բայց դրա համար պետք են անհրաժեշտ տարածք, իսկ երևանյան մայթերը, ցավոք, նեղ են»,- ասում է Բեգոյանը:

Թե քաղաքի ո՞ր հատվածում, ինչ ծառատեսակ պետք է տնկել՝ մասնագետները երկար են քննարկում: Ամեն մի տեղանք յուրահատուկ նշանակությունն ունի քաղաքի ու բնակիչների համար:

«Կան արժեքավոր ծառեր, որոնք առավելագույնս մաքրում են օդը և կան ծառեր, որոնք գեղազարդության համար են: Արժեքավոր ծառերը կրկնակի, եռակի ավելի շատ են, քան գեղազարդները»,- ընդգծում է ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Արթուր Խալաթյանը:

«Նոր ծառերի զգալի մասը կփոխարինի կենսունակությունը կորցրածներին: Բանն այն է, որ անգամ քիչ թե շատ ուժեղ քամուց քաղաքում գրանցվում է ծառի տապալման հերթական դեպքը՝ վնասելով շինություններ ու մեքենաներ։

Հենց դրա համար էլ ծառերը պետք է ժամանակին փոխարինել»,-ասում է ավելի քան 40 տարվա բուսաբան-ծառագետի փորձը քաղաքին փոխանցող կանաչապատման համայնքային կազմակերպության գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը և հավելում, որ առաջին հերթին փոխարինվում են անարժեք տեսակները, նաև հիվանդ ու հանրության առողջությունը վտանգող տեսակները:

Տնկվող բոլոր նոր ծառերն ավելի քան 10 տարեկան 3-5մ բարձրությամբ ծառեր են: Ծառատունկի ընթացքում ձևավորվում են նաև նոր ծառուղիներ: Դրանցից մեկը Նոր Նորքի ծայրամասային հատվածում է:

«Մոտ 170 գծմ տարածքում ընդհանրապես ծառ չի եղել: Տնկել ենք սոսիներ, որոնք 5 մետր բարձրություն ունեն»,- ասում է գլխավոր ծառագետը:

Գարնանը քաղաքում տնկված ծառերն արդեն հասցրել են հարմարվել տեղանքին, կանաչել ու անգամ՝ ծաղկել:

Այս տարի Երևանի կանաչ տարածքները նաև կձևավորվեն մոտ 1 մլն ծաղիկներով, բույսերով ու թփերով:

«Դրանցից կես միլիոնը ջերմոցատնկարանային տնտեսության արտադրանքն է: Հետագայում նախատեսում ենք նաև ընդլայնել տնտեսությունը»,- նշում է ՀՈԱԿ-ի տնօրենը:

Քաղաքի կանաչ տարածքների թարմացումը, առողջացումը, պահպանումն ու ընդլայնումը քաղաքային կանաչապատման օրակարգային խնդիրներն են, որոնց լուծումը մշտապես քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter