Ռուսաստանը Եվրոպայում առաջատարն է սպանված լրագրողների թվով
Ռուսաստանը Եվրոպայում շարունակում է մնալ սպանված լրագրողների թվով առաջատար երկիրը, որոնք սպանվել են ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ կամ էլ մասնագիտական գործունեության պատճառով։ Այդ ամենը, Deutsche Welle-ի փոխանցմամբ, պարզ է դարձել «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) իրավապաշտպան միջազգային կազմակերպության զեկույցից, որը հրապարակվել է ապրիլի 7-ին Բեռլինում։
Ինչպես նշվում է զեկույցում, դեռ 2001 թվականին Ռուսաստանում ակտիվացել էին մամուլի ազատության վրա համակարգային հարձակումները, որի զոհ է դարձել լրատվամիջոցների առնվազն 37 աշխատակից, այդ թվում Աննա Պոլիտկովսկայան, որն սպանվել էր 2006 թվականի հոկտեմբերի 7-ին։
Իրավապաշտպանները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն անվանել էին Ուկրաինայում լրագրողների շրջանում զոհերի մեծ թվի պատճառներից մեկը։ Նախորդ երկու տասնամյակում Ուկրաինայում սպանվել է լրատվամիջոցների 20 աշխատակից, որից 8-ը՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։
Ընդհանուր առմամբ ողջ աշխարհում վերջին 20 տարիներին լրագրողական գործունեության պատճառով զոհվել է 1657 լրագրող։ Նրանք դարձել են սպանությունների, կազմակերպված սպանությունների, թեժ կետերում հարձակումների զոհ կամ մահացել ծանր վիրավորման հետևանքով։ Սպանված լրագրողների թվով առաջատարը համարվում է Իրաքը (300 մարդ)։ Երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Սիրիան (280)։ Նրանց հաջորդում են Աֆղանստանը, Եմենը, Պաղեստինը և Սոմալին։
RSF-ի տվյալներով՝ ամենամեծ թվով լրագրողները զոհվել են 2012 թվականին (143)։ Իրավապաշտպանները դա կապում են Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետ։ 2012 թվականից հետո լրագրողների շրջանում զոհերի թիվը սկսել է կրճատվել։ 2021 թվականին բռնության հետևանքով զոհվել է լրատվամիջոցների 51 աշխատակից։
Լուսանկարը՝ Associated Press / Alamy Stock Photo
Մեկնաբանել