
Ահաբեկչական հարձակում Թել Ավիվում. զոհվել է 1 մարդ
Մեկ մարդ է զոհվել, մի քանիսն էլ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Թել Ավիվի մերձափնյա հատվածում հարձակման հետևանքով։ Այդ մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։
Իսրայելի իշխանությունները տեղի ունեցածն անվանել են ահաբեկչություն։
חשד לפיגוע משולב בתל אביב בשתי זירות: 4 נפצעו - אנוש, בינוני ושניים קל | עדכונים שוטפים >> https://t.co/aBDhe9QGeb pic.twitter.com/g4dqCYij61
— כאן חדשות (@kann_news) April 7, 2023
Իսրայելի ազգային բժշկական ծառայության գլխավոր տնօրեն Էլի Բինը հայտարարել է, որ սկզբում հարձակում գործած անձն ավտոմեքենայից կրակ է բացել Եհեզկել Քոյֆմանի փողոցի անցորդների ուղղությամբ, իսկ այնուհետ մեքենան ուղղել պրոմենադում գտնվող մարդկանց վրա։ Դրանից հետո նրա մեքենան կողաշրջվել է Չարլզ Քլորի զբոսայգու մոտ։
Այլ աղբյուրների համաձայն՝ վարորդը սկզբում փորձել է խոյահարել անցորդներին, իսկ այնուհետ կրակ բացել։ Հարձակում գործած անձին ոստիկանները սպանել են։
תיעוד חיסול המחבל מהפיגוע בתל אביב pic.twitter.com/WrAafvcBen
— וואלה! (@WallaNews) April 7, 2023
Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվածը 30-ամյա իտալացի զբոսաշրջիկ է։ Տարբեր տվյալներով վիրավորվել է 7 մարդ։ 74-ամյա տղամարդը, 39-ամյա տղամարդը և 17-ամյա աղջիկը ստացել են միջին աստիճանի մարմնական վնասվածքներ։ Երկու այլ տուժածներ՝ 50-ամյա տղամարդը և 70-ամյա կինը, ունեն թեթև աստիճանի վնասվածքներ։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ոստիկանությանը հրամայել է մոբիլիզացնել ռեզերվային բոլոր ստորաբաժանումներին, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը ուժեղացվել է՝ ահաբեկչությունների կանխարգելման նպատակով։
זירת החשד לפיגוע בתל אביב, כך נראה הרכב ההפוך על הדשא שמול מלון דן. לפי מדא נקבע מותו של אחד הפצועים pic.twitter.com/YMN8Eli8CT
— Bar Peleg (@bar_peleg) April 7, 2023
Ապրիլի 7-ի առավոտյան Հորդանան գետի արևմտյան ափին մեկ այլ ահաբեկչության հետևանքով զոհվել էին 15 և 20 տարեկան երկու քույրեր։ Նրանց մայրը՝ 48-ամյա կինը, ծանր վիրավորվել էր։ Ուղիղ մեկ տարի առաջ Թել Ավիվում, Դիզենհոֆ փողոցի վրա հարձակումների հետևանքով, սպանվել էր 3 մարդ։
Այս ահաբեկչությունները տեղի էին ունեցել այն բանից հետո, երբ նախորդ գիշեր Իսրայելի բանակը հրթիռակոծել էր Գազայի հատվածը։ Ինչպես նշել են զինվորականները, հարվածներ էին հասցվել երկու թունելներին ու ՀԱՄԱՍ-ի՝ զենքի արտադրության երկու օբյեկտներին։
Ապրիլի 6-ին Իսրայելի հյուսիսային հատվածը Լիբանանի տարածքից ենթարկվել էր հրթիռակոծության։ Իսրայելի ուղղությամբ արձակվել էր 34 հրթիռ, որից 25-ը խոցվել էր ՀՕՊ միջոցների կողմից։ Տուժել էր 3 մարդ, վնասվել մի քանի շենք։ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակման մեջ մեղադրել էր ՀԱՄԱՍ շարժմանը։
Վերջին 2 տարվա մեջ սա Իսրայելի հյուսիսի ուղղությամբ ամենազանգվածային հարձակումն էր։ The Times of Israel-ի տվյալներով՝ Լիբանանի տարածքից հարձակումը կարող էր դառնալ ամենազանգվածայինը՝ 2006 թվականին Լիբանանյան պատերազմի ժամանակներից ի վեր։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրթիռակոծությունից հետո հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է պատասխանել իր ցանկացած թշնամու։
Լուսանկարը՝ AP Photo/Ariel Schalit
Մեկնաբանել