
Էնթոնի Բլինքենը չի բացառում առաջիկա շաբաթներին ուկրաինական հակահարձակման հանգամանքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի բացառում, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը կարող է սկսվել առաջիկա շաբաթներին։ Այդ տեղեկատվությամբ նա կիսվել է ուրբաթ օրը՝ ապրիլի 7-ին գերմանական Funke մեդիախմբին տված հարցազրույցում։
«Ուկրաինայի բազմաթիվ ընկերների և գործընկերների համար գոյություն ունեն երկու նպատակներ։ Առաջինն անել ամեն ինչ, ինչը մեր ուժերում է, որպեսզի օգնենք Ուկրաինային շարունակել հետ գրավել տարածքները։ Դա իր մեջ ներառում է հակահարձակումը, որը, հավանաբար, կսկսվի առաջիկա շաբաթներին»,- նշել է նա։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ երկրորդը Կիևին աջակցությունն է՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում իր ներուժի մեծացման ուղղությամբ։
Ուկրաինացի պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ առաջիկա շաբաթներին կմեկնարկի ուկրաինական հարձակումը, որի համար, ըստ Reuters գործակալության, Ուկրաինան կենտրոնացրել է 40 000 զինծառայողի։ Ըստ վերլուծաբանների՝ հակահարձակման հիմնական ուղղությունը կլինի Զապորոժյեի մարզը՝ նպատակ ունենալով վերացնել դեպի Ղրիմ ռուսական կողմի ցամաքային կապը։
Լուսանկարը՝ Graeme Jennings/Pool via AP
Մեկնաբանել