HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը հարթ չի ընթանում. Ալիև

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը հարթ չի ընթանում, բայց Բաքուն մտադիր է Երևանի հետ կարգավորել իր հարաբերությունները։ Այդ մասին Interfax.az-ի փոխանցմամբ, Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ «չնայած նախորդ հակամարտություններին, հարևանների միջև հարաբերությունները պետք է նորմալ լինեն»։

«Մենք տրամադրված ենք հարաբերությունների կարգավորմանը։ Հենց Ադրբեջանն է առաջարկել սկսել աշխատել խաղաղության պայմանագրի ուղղությամբ, որը փաստացի արդեն սկսվել է, սակայն այնքան հարթ չի ընթանում, որքան ցանկալի կլիներ»,- հայտարարել է Ալիևը։

Նա նշել է, որ չնայած բարդություններին, ինքը վստահ է, որ հնարավոր կլինի Երևանի հետ ձեռք բերել խաղաղության պայմանագիր, «որը կթերթի բազմամյա թշնամության էջը» և հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի վրա։

Ապրիլի 3-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է Բաքվի հետ կարգավորել իր հարաբերությունները և խաղաղության պայմանագիր ստորագրել։

Ավելի ուշ, հեռախոսազրույց էին ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկվել էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: 

«Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր»,- նշվում էր հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter