
Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնին երկրորդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մտադիր է 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրել իր թեկնածությունը։ Այդ մասին նա պատմել է ամերիկյան NBC հեռուստաընկերության Today հաղորդաշարի եթերում։
«Ես պլանավորում եմ մասնակցել ընտրություններին<...>, բայց մենք դեռևս պատրաստ չենք պաշտոնական հայտարարություն անել»,- Սպիտակ տան մոտ Զատկի Easter Egg Roll ավանդական խաղի մեկնարկից առաջ ասել է Բայդենը։
Դեռ ապրիլի 7-ին CNN հեռուստաընկերությունը փոխանցել էր Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ նա «վստահաբար կմասնակցի ընտրություններին», սակայն այդ մասին պաշտոնական հայտարարությունը մտադիր է անել ամռանը։ Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, Բայդենը ու ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը մտադիր են դարձյալ միասին գնալ ընտրությունների։
ԱՄՆ-ում նախագահական հաջորդ ընտրությունները կկայանան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին արդեն իսկ հայտարարել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Հունվարի վերջին նա Նյու Հեմփշիր և Հարավային Կարոլինա նահանգներում իր ելույթներով սկսել էր նախընտրական իր քարոզարշավը։ Այս նահանգներն աչքի են ընկնում նրանով, որ այստեղ բավականին շուտ են կայանում նախնական ընտրությունները։
Լուսանկարը՝ Սպիտակ տան կայք էջից
Մեկնաբանել