HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանն ու Թուրքիան աշխատում են ցամաքային անցակետերի բացման ուղղությամբ. Մևլյութ Չավուղօղլու

Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացում մոտ հեռանկարում չկա օրակարգում, բայց երկու երկրներն աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ ապրիլի 10-ին, A Haber հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ 

«Մոտ ապագայում կարող է տեղի չունենալ (Հայաստանի դեսպանության բացում-խմբ.), որովհետև սկզբում մենք պետք է այլ քայլեր անենք։ Մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, իրականացվում են բեռնային փոխադրումներ, մեկնարկել է փոխադարձ ավիահաղորդակցությունը, մեր տարածքով հայ ավիափոխադրողները կարող են թռչել երրորդ երկրներ։ Բայց որպեսզի բացվեն ցամաքային անցակետերը, քաղաքական նախապայմանների հետ միասին պետք է պատրաստել ճանապարհները, վերականգնել կամուրջը։ Կամրջի շինարարության մասով մենք ունենք պայմանավորվածություններ»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրք նախարարը, սակայն, նշել է, որ ցամաքային անցակետը հասանելի կլինի դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար։

Չավուշօղլուի խոսքով՝ Հայաստանի հետ սահմանին կա «պատմական Մետաքսի ճանապարհի 900-ամյա կամուրջ (ի նկատի ունի Անիի կամուրջը- խմբ.), որը և պետք է վերականգնել ու ամրացնել փոխադրումների ապահովման համար»։ Ըն դորում, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման յուրաքանչյուր քայլ արվում է «Ադրբեջանի հետ խորհրդակցություններից հետո»։

Չավուշօղլուն հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության ձեռքբերման հեռանկարների շրջանակներում Թուրքիան կողմերին աջակցություն կցուցաբերի, ինչպես նաև կօգնի տարածաշրջանում ենթակառուցվածքային ու բեռնափոխադրումային նախագծերի իրականացմանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել էր, որ Թուրքիայի հետ սահմանին մեկնարկել է «Մարգարա» անցակետի վերագործարկման նախապատրաստական աշխատանքները։

«Մենք հիմա այլ պետական մարմինների հետ նախապատրաստվում ենք, որպեսզի հնարավորինս արագ, եթե վերջնական որոշումը կայացվի, սահմանային կետը գործի։ Այսինքն` իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ մաքսային ընթացակարգերը սահուն կիրառելու համար»,–ասել էր Բադասյանը։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter