HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՄԻՊ թեկնածուի ընտրությունը՝ Ազգային ժողովում

Այսօր Ազգային ժողովը քննարկում է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) թեկնածուի ընտրության հարցը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ թեկնածու է առաջադրել Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին: Վերջինիս ԱԺ-ում ներկայացրեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի համար զավեշտալի էր, որ ՄԻՊ-ի թեկնածուին ներկայացնում է Արթուր Հովհաննիսյանը, ով թեկնածուների առաջադրման հարցի քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում իրեն պահել է ոչ պատգամավորին վայել: Ըստ Կյուրեղյանի՝ ընդդիմադիր խմբակցության թեկնածուի ներկայացման ժամանակ Հովհաննիսյանը ցուցաբերել է «լկտի» պահվածք, սպառնալիքներ է հնչեցրել, այդ թվում՝ լեզուն կտրելու և այլն:

Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՄԻՊ թեկնածու առաջադրել էին Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին: Սակայն, վերջինս հանձնաժողովում չի ստացել անհրաժեշտ թվով կողմ ձայներ։

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առաջին հերթին զավեշտ էր, թե ընդդիմադիրներն ում են առաջադրել որպես մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու: Այնուհետև ասաց, որ չպետք է տրվել սադրանքներին, էմոցիաներին, լինել զուսպ, հնարավորինս հավասարակշռված: Սակայն նշեց, որ թույլ չի տա անվանարկել հայ ժողովրդին՝ իր վարքագիծը ներկայացնելով որպես ի պաշտպանություն հայ ժողովրդի:

Անահիտ Մանասյանն իր ելույթում նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության իր տեսլականը կարող է հավակնոտ թվալ, իսկ որոշ դեպքերում՝ բարդ իրականանալի, սակայն ձգտելու է իր ներուժը ծառայեցնել այդ նպատակի իրականացմանը:

Այնուհետև թեկնածուն թվարկեց իր արժանիքները, որը մանկական տարիքում ստացել է դաստիարակությունից: Այն է՝ մարդասիրություն, կարեկցանք՝ մարդկանց ու նրանց ճակատագրերի հանդեպ, ազնվություն, արդարություն և գիտելիքի նկատմամբ անսահման հավատ:

Անահիտ Մանասյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության կոնցեպտի հիմքում ընկած են արժանապատվության և հանդուրժողականության գաղափարները, որը ենթադրում է քաղաքականացվածության լիակատար բացառում:

«Հատուկ ուզում եմ շեշտել այս ամբիոնից, որ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը քաղաքական չէ, և վերջինիս ընտրության ու պաշտոնավարման ընթացքն էլ չեն կարող լինել այդպիսին: Դա են պահանջում նաև օմբուդսմենին վերաբերելի բոլոր միջազգային չափանիշները»,- ասաց Անահիտ Մանասյանը:

Թեկնածուն նշեց, որ ձգտելու է դառնալ կամուրջ՝ հասարակական հանդուրժողականության համար: Ըստ Մանասյանի՝ ՄԻՊ-ի գործիքը բացառապես քննադատական հայտարարություններ անելը չէ, թեև քննադատական խոսքը ևս կարևոր է: Օրինակ՝ ինքն օգտվելու է նաև հանրության և պետական պաշտոնյաների, պետական մարմինների միջև հաշտարարության, ինչպես նաև կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանության կատարելագործման գործիքներից:

Անահիտ Մանասյանն ասաց, որ այսօր Արցախի 44-օրյա պատերազմից հետո առաջացած մարդու իրավունքների ոլորտում առաջացած խնդիրները պետք է լուծել համատեղ ուժերով:

Հաջորդը կարևորեց հանրային հանդուրժողականությունը, քանի, որ ըստ թեկնածուի՝ անհնար է ունենալ մարդու իրավունքների բավարար միջավայր՝ առանց այդ մթնոլորտը ձևավորելու: Մանասյանն ասաց, որ ունենք ծայրահեղ բացասական միջավայր: Անընդհատ գործ ենք ունենում տարբեր հիմքերով թիրախավորման, ատելության խոսքի, բռնության քարոզի և այլ երևույթների հետ:

ՄԻՊ թեկնածուն կարևորեց նաև ողջամիտ ժամկետում գործերի դատաքննության իրավունքի իրացումը, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովումը, կանանց հավասար իրավունքների, աշխատանքային և այլ իրավունքների պաշտպանությունները:

«Շատ կարևոր է, որ բոլոր խնդիրներին նայենք պարզ աչքերով, համատեղ ուժերով»,- ասաց Անահիտ Մանասյանը:

ՄԻՊ թեկնածուին հարցեր՝ խմբակցություններից

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ վերջին 4 տարիներին ԱԺ ամբիոնից հնչել են ամենածայրահեղ արտահայտությունները՝ Սահմանադրական դատարանի գործունեության մասին: Նա մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկը, որի ժամանակ հայտարարել էր, թե Սահմանադրական դատարանն ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն է: Անահիտ Մանասյանը 2013թ․-ից մինչև 2018թ. մարտ ամիսն աշխատել է Սահմանադրական դատարանում:

Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ արդյոք Անահիտ Մանասյանն աշխատել է ամենավարկաբեկված ինստիտուտում:

Թեկնածուն քաղաքական հայտարարությունը չմեկնաբանեց, սակայն նշեց, որ ինչպես բոլոր օղակներում, այնպես էլ՝ Սահմանադրական դատարանում մշտապես եղել են խնդիրներ: Սակայն նշեց, որ որևէ պետական մարմնի առնչությամբ՝ որպես հանրային ծառայող և ՄԻՊ թեկնածու, «այլ տեսակի դիրքորոշումներ» չի ներկայացնի:

Նույն խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին հետաքրքրում էր իշխանության վարքագծի և դրա համատեքստում ուժայինների բիրտ ուժի կիրառման հարցը: Բացի այդ, հետաքրքրվեց, թե ինչպես է մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնելու սահմանամերձ բնակավայրերում՝ անվտանգության ապահովման, կայուն զարգացման, իրավունքի հարցերում պահանջատիրության տեսանկյունից:

Սեյրան Օհանյանը նկատեց, որ ՄԻՊ թեկնածուն իր խոսքում չանդրադարձավ բանակում մարդու իրավունքների պաշտպանության հարցին: Հետաքրքրվեց, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ է տարվելու:

Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ իր կերպարը ևս ցույց է տալիս, որ չի կարող բիրտ ուժի կողմնակիցը լինել, հետևաբար, կողմնակից է կրթության միջոցով հարցերի կարգավորմանը:

Ինչ վերաբերում է սահմանամերձ բնակչության հարցերով զբաղվելուն՝ թեկնածուն ասաց, որ ՄԻՊ-ի լիազորություններն այդքան լայն չեն, սակայն նա համագործակցելու է բոլոր ուժերի հետ՝ լուծումներ գտնելու համար:

Անահիտ Մանասյանն ասաց, որ զինված ուժերում իրավունքի պաշտպանությունը կարևորագույն հարցերից է և առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնել այդ ուղղությամբ՝ բացառելու արատավոր երևույթների տարածումը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին հետաքրքրում էր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուներին ներկայացնելու ժամանակ ԱԺ-ի դիմաց հասարակական կազմակերպություններից մեկի կողմից կազմակերպված հավաքը: Այդ ժամանակ հնչել են բռնության կոչեր «նիկոլականների» մարմինները ծառերից կախելու մասին: Վահագն Ալեքսանյանն ասաց, որ այդ ֆաշիստական ուժերի ձեռամբ էլ ներկայացվել է ՄԻՊ ընդդիմադիր թեկնածուն: Այդ երևույթի մասին փորձեց ստանալ Անահիտ Մանասյանի կարծիքը:

ՄԻՊ թեկնածուն նշեց, որ կոնկրետ դեպքերի չի անդրադառնալու, սակայն բռնության կոչերը, ատելության քարոզն ամենավատ երևույթներն են, որ գոյություն ունեն հասարակություններում: Նա չանդրադարձավ թեկնածուներից Էդգար Ղազարյանի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ կոռեկտ չի համարում:

Նույն խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորների բարձրացրած հարցին հակառակ կողմից է ուզում անդրադառնալ: Մասնավորապես, երբ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ կոնֆլիկտ է լինում, և ընդդիմությունն է հանդես գալիս այնպիսի գործողություններով, բառապաշարով, որն արժանի է քննադատության: «Արդյոք պատրաստ եք միջամտելու, հայտարարություն անելու»,- հետաքրքրվեց Բաքոյանը՝ հավելելով, որ այդ պարագայում թիրախավորվելու է, քանի որ իշխանություններն են նրան ընտրել:

Անահիտ Մանասյանը նշեց, որ խնդիրներին համակարգային է նայում, հետևաբար դրանք մեկ օղակ չունեն: Թեկնածուն ասաց, որ այն համակարգային մոտեցումը, որ ունի այլ հարցերի դեպքում, կիրառելի է լինելու նաև այս պարագայում:

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորներին դուր չէին գալիս Անահիտ Մանասյանի ոչ կոնկրետ պատասխանները: Նրանք նշում էին, որ ՄԻՊ-ը պետք է լինի ազատ, անկաշկանդ:

Գլխավոր լուսանկարում՝ Անահիտ Մանասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter