HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գլխավոր դատախազը միջնորդագրով պահանջում է ընդդիմադիր պատգամավորին զրկել անձեռնամխելիությունից

Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Այն խորհրդարանի ամբիոնից ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Քանի որ քննարկումը երկարում է, Ազգային ժողովը որոշեց նիստի ավարտից հետո ևս մեկ նիստ հրավիրել և հարցը քննարկել մինչև ժամը 20:00-ն:

Ըստ գլխավոր դատախազի՝ 2023թ. մարտի 31-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Մհեր Սահակյանը Ազգային ժողովում նույն օրը կազմակերպված փակ քննարկման ժամանակ հակադրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել ագրեսիվ վարքագիծ:

Դատախազի միջնորդագրի համաձայն՝ ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել և բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին: Շրջանցելով պատգամավոր Ալխաս Ղազարյանին, մոտեցել է Վ. Վարդանյանին: Աջ ձեռքով դիտավորյալ հարվածել է Վարդանյանի դեմքի ձախ քունքային հատվածին՝ պատճառելով առողջության թեթև վնաս: Վնասվել է նաև Վլադիմիր Վարդանյանի ձախ վերհոնքային շրջանը, քերծվել է քիթը, մեջքը, արյունազեղումներ են առաջացել ձախ կոպի վերին և ստորին հատվածներում:

Պատճառը եղել է այն, որ Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փակ նիստում Արծվիկ Մինասյանին դիտողություն է արել՝ քննարկվող հարցից շեղվելու համար, ինչը դուր չի եկել Մհեր Սահակյանին: 

Պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Գեղամ Նազարյանը ցուցմունքներում նշել են, որ Վլադիմիր Վարդանյանն ագրեսիվ ձևով քայլել է դեպի Մհեր Սահակյանը: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները Մհեր Սահակյանի պահվածքը որակում են որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն:

Աննա Վարդապետյանը նշեց, որ անհրաժեշտ պաշտպանությունը բացակայել է:

Երևան քաղաքի դատախազությունում քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ փաստական տվյալները բավարար են Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար՝ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով Վլադիմիր Վարդանյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու համար: Այսինքն՝ Մհեր Սահակյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 1-ին մասով:

Գլխավոր դատախազի՝ միջնորդագիրը ներկայացնելուց հետո, պատգամավորները հարցեր ուղղեցին վերջինիս:

Արծվիկ Մինասյանը, ով միջադեպի պահին ներկա է եղել փակ քննարկմանը, հայտարարեց, որ առերես հարցաքննվել է հակասությունների մասով: Այդ հակասությունները եղել են երկուսը՝ արդյոք Մհեր Սահակյանի ձեռքին եղել է որևէ առարկա, երկրորդ՝ ով է առաջին քայլն արել:

Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ գլխավոր դատախազը պատգամավորներին վերագրեց բաներ, որոնք կապ չունեն ցուցմունքների ու առերես հարցաքննությունների հետ:

Բացի այդ, Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրեն ու Գեղամ Նազարյանին վերագրվում է մի պնդում, որ իրենք ընդունել են Սահակյանի հակաիրավական վարքագիծը: Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ ինչի հիման վրա է գլխավոր դատախազը հայտարարում, թե անհրաժեշտ պաշտպանություն չի եղել, երբ ինքն ու Գեղամ Նազարյանը նշել են, որ Վլադիմիր Վարդանյանը քայլ արել է դեպի Մհեր Սահակյանը, իսկ իշխանական պատգամավորն ու կառավարության ներկայացուցիչը չեն հերքել:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ գլխավոր դատախազն իր խոսքում հայտարարեց, թե Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանն ընդունել են Մհեր Սեդրակյանի հակաիրավական վարքագիծը, մինչդեռ նման բան չի եղել:

Աննա Վարդապետյանն ասաց, որ որևէ մեկին որևէ բան չի վերագրվել: Մեջբերվել են ցուցմունքներից տվյալներ, որոնց մասով հարցաքննվողները պնդել կամ չեն պնդել: Ինչ վերաբերում է անհրաժեշտ ինքնապաշտպանությանը, ապա Աննա Վարդապետյանն ասաց, որ հիմք են ընդունել տեղանքի զննության տվյալները: Արյան հետքերը մինչ օրս պահպանվում են քննարկման սենյակում:

Ինչ վերաբերում է Մհեր Սահակյանի հակաիրավական վարքագիծը՝ գործընկերների կողմից հաստատելուն, ապա Աննա Վարդապետյանն ասաց, որ հիմք են ընդունել Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքը: Այդ դրվագը եղել է Արծվիկ Մինասյանի և Վլադիմիր Վարդանյանի մասնավոր զրույցը, երրորդ անձ չի եղել: Մինչդեռ Մինասյանը չի հաստատել, իսկ Վարդանյանը պնդել է: Սակայն, դատախազությունը հիմք է ընդունել իշխանական պատգամավորի ցուցմունքը:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ առանց պատշաճ քննության հիմք են ընդունել իշխանական պատգամավորների ցուցմունքները: Պատգամավորը հորդորեց հրապարակել իր և Գեղամ Նազարյանի առերես հարցաքննության արձանագրությունները: Վարդապետյանը նշեց, որ ապացույցները հրապարակվում են դատարանում:

Պատգամավոր Արման Ղազարյանը հայտարարեց, որ այդ օրը անձնական դրդապատճառներով Վլադիմիր Վարդանյանը եղել է դյուրագրգիռ: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք այդ հանգամանքն ուսումնասիրվել է: Աննա Վարդապետյանը նշեց, որ այդ հանգամանքն ուսումնասիրվել է: Վլադիմիր Վարդանյանը տխուր է եղել իր աշխատակցի ամուսնու վթարի պատճառով, սակայն, այդ հանգամանքն ազդեցություն չի ունեցել:

Պատգամավոր Աղվան Վարդանյանը նկատեց, որ փակ քննարկման ժամանակ սենյակում եղել է 8 հոգի՝ 4-ը իշխող ՔՊ խմբակցության պատգամավորներն էին, 3-ը՝ ընդդիմադիր և մեկ հոգի եղել է Կառավարության ներկայացուցիչը: Հարց է առաջացել պատգամավորի մոտ, թե դատախազի միջնորդագիրն ինչու է հիմնված միայն իշխող խմբակցության պատգամավորների ցուցմունքների վրա:

Աննա Վարդապետյանն ասաց, որ միջնորդագրում նշված են ոչ միայն իշխանական պատգամավորների, այլև բոլոր վկաների ցուցմունքները:

Հայկ Մամիջանյան ասաց, որ եթե Գլխավոր դատախազությունը գար և հայտարարեր, որ անձեռնամխելիությունից պետք է զրկեն, քանի որ այդպես է պետք, իշխող խմբակցությունը կողմ կքվեարկեր:

Մամիջանյանն ասաց, որ եթե կոչ անի Հայաստանի քաղաքացիներին ինքնապաշտպանվել՝ գլխավոր դատախազն արդյոք կգա խորհրդարան՝ անձեռնամխելիությունից զրկելու միջնորդագրով: Աննա Վարդապետյանն ասաց, որ ինքնապաշտպանության կոչը հանցակազմ չունի: Պատգամավորը հակադարձեց, որ երեկ Քննչական կոմիտե է կանչվել քաղաքացի Նարեկ Սամսոնյանը, ով կոչ է արել քաղաքացիներին ինքնապաշտպանվել:Մամիջանյանի խոսքերով՝ նմանատիպ շատ կոչեր են հնչել  քաղաքացիների կողմից: Ենթադրվում է, որ առաջիկայում քննչական մարմիններն այդ մահակն օգտագործելու են ընդդիմադիրների դեմ:

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն ասաց, որ միջնորդագրում մի դրվագ քիչ է լուսաբանվել: Մասնավորապես այն, որ Մհեր Սահակյանը հրաժարվել է թմրամիջոցների, հոգեմեդ նյութերի և ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով նշանակված դատաքիմիական փորձաքննությունից: Պատգամավորը հետաքրքրվում էր, թե այդ փորձաքննությունից ինչու է Մհեր Սահակյանը հրաժարվել:

Աննա Վարդապետյանը նշեց, որ անձի իրավունքն է նմուշ չտալը և որևէ գործիքակազմ չկա հարկադրելու: Հրաժարվելն ընդունել են որպես փաստ և արձանագրել:

Լուսանկարում՝ պատգամավոր Մհեր Սահակյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter