
Մհեր Սահակյանը կողմ կքվեարկի իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ելույթ ունեցավ իրեն անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի առնչությամբ: Պատգամավորը հայտարարեց՝ հակառակ նրան, որ Հայաստանի և Արցախի Հանրապետություններն այսօր կանգնած են անվտանգային և գոյաբանական լուրջ խնդիրների առջև, ինքը ստիպված է ԱԺ ամբիոնից խոսել մի միջադեպից, որը մի կողմից իրեն տհաճ է, մյուս կողմից էլ իրավիճակ է, երբ կուսակցական շահից դրդված՝ խեղաթյուրվում է իրականությունը: Ըստ պատգամավորի՝ գործում են երկակի ստանդարտներ, տիրում է իշխանության անպատժելիության մթնոլորտ, իրականացվում են անսկզբունք, անընդունելի արարքներ:
Մհեր Սահակյանը հայտարարեց՝ տպավորություն չստեղծելու համար, թե թաքնվում է անձեռնմխելիության հետևում, ինքն անձամբ կողմ է քվեարկելու իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Այն խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Մհեր Սահակյանը նշեց, որ 2023թ. մարտի 31-ին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր փակ աշխատանքային քննարկում, որին մասնակցել է մոտ 15 րոպե ուշացումով: 20 րոպե էլ տևել է նախատեսված հարցերի քննարկումը: Դրանից հետո մեկ այլ թեմայով՝ կապված Հռոմի ստատուտի վավերացման հետ, Արծվիկ Մինասյանի հարցադրմանը, թե արդյոք ստատուտի վավերացումը չի առաջացնի ավելորդ ռիսկեր մեր հանրապետության համար, իշխանական պատգամավորների կողմից արժանացել է բուռն արձագանքի և անհարկի վիրավորանքի:
Ըստ Մհեր Սահակյանի, վեճի ընթացքում Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Ինքը վեճի ընթացքում չի միջամտել, մինչ այդ պահը, երբ ակնհայտ է դարձել, որ Վարդանյանը չարաշահել է վարողի իր լիազորությունը և կողմնակալ, սադրիչ պահվածք է դրսևորել, գոռացել և նկատողություն է արել ընդդիմադիր պատգամավորներին: Երբ հերթական անգամ Վլադիմիր Վարդանյանը, ձեռքը սեղանին հարվածելով, ցանկացել է ընդգծել քննարկողը վարողի և իշխանական պատգամավոր լինելու իր առավելությունները, ըստ Մհեր Սահակյանի, ցուցադրաբար նայելով իր աչքերի մեջ, մեղադրանքներ հնչեցնելով՝ պահանջել է լռել: Սա այն դեպքում, երբ ինքը ոչինչ չի խոսել:
Մհեր Սահակյանն ասում է, որ դրանից հետո նույն տոնայնությամբ ձեռքը հարվածելով սեղանին՝ ոտքի է կանգնել՝ պահանջելով հարգանք ցուցաբերել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և կողմնակալ վարքագիծ չդրսևորել: Այդ պահին Վլադիմիր Վարդանյանը տեղից վեր է կացել և ասել, որ «ում վրա ուզի, երբ ուզի, կարող է բղավել» և մոտեցել է Մհեր Սահակյանին: Վերջինի պատմելով՝ հաշվի առնելով իր ագրեսիվ պահվածն ու արագ իրեն մոտենալը, ուղղվել է մեկ քայլով և մեկ հարված հասցրել զուտ ինքնապաշտպանական նկատառումներով: Նպատակ չունենալով վեճը շարունակել՝ անմիջապես հեռացել է սենյակից:
Մհեր Սահակյանն անդրադառնալով միջնորդագրին՝ նշեց, որ բացարձակ համաձայն չէ այն մեղադրանքին, որ իր արարքում առկա է խուլիգանության որևէ հանցակազմ: Բացի այդ, ըստ պատգամավորի, միջնորդագրում նշված է, թե իբր Արծվիկ Մինասյանը շեղվել է քննարկվող թեմայից և նիստի բնականոն աշխատանքը վերականգնելու նպատակով արված դիտողությունն առիթ օգտագործելով՝ հակադրվել է Վարդանյանին, ինչը ևս չի ընդունում:
Պատգամավորի մոտ տպավորությունն այնպիսին է, որ մեղադրանքը կառուցված է բացառապես Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքի հիման վրա:
«Տիկին Վարդապետյան, դուք կատա՞կ եք անում: Աժ նախագահը թքում է քաղաքացու վրա, իշխող խմբակցության քարտուղարը սպառնում է լեզու և ականջ կտրել՝ ոչ ավել-ոչ պակաս մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին, հանձնաժողովի պաշտոնական նիստի ժամանակ, այս շենքում: Դուք խուլիգանության հատկանիշներ չեք տեսնում, բայց իմ արարքի մեջ եք տեսնում, ով ընդամենը պահանջել է հարգալից վերաբերմունք: Արդյոք սա ձեր կողմից կիրառվող երկակի ստանդարտ չէ՞»,- հայտարարեց Մհեր Սահակյանը՝ հավելելով, որ եթե եղել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, պատրաստ է կրել պատասխանատվությունը՝ ընդհուպ մինչև ազատազրկում:
Պատգամավորի ելույթն արժանացավ գործընկեր պատգամավորների ծափահարություններին:
Լուսանկարում՝ պատգամավոր Մհեր Սահակյանը
Մեկնաբանել