
Սանտուշ. «Պետք է խաղալ ոչ միայն սրտով, այլ նաեւ ռացիոնալ ու սառնասրտորեն»
Հունաստան-Չեխիա (1-2) խաղից հետո հույների պորտուգալացի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշը դժգոհել է իր թիմի խաղի մեկնարկից. առաջին 6 րոպեում չեխերը 2 գոլ էին խփել, ինչը նրանց հաղթանակ է բերել: Սանտուշն ասել է, թե առաջին 10-15 րեպեներին իր հավաքականը դաշտից կարծես բացակայում էր: Խմբից դուրս գալու հնարավորութունները մասնագետը ցածր է գնահատել, սակայն, ըստ նրա, հույս կա:
«Ընդմիջմանը տղաներին ասացի, որ մոռանան այն ամենը, ինչ եղել է առաջին կեսում: Մենք փորձում էինք ռացիոնալ ծրագիր մշակել երկրորդ կեսի համար: Ձգտում էինք փրկել խաղն ու հավատում էինք դրան: Նման իրավիճակներում շատ դժվար է: Պետք է խաղալ ոչ միայն սրտով, այլ նաեւ ռացիոնալ ու սառնասրտորեն»,- նշել է պորտուգալացին:
Իսկ ահա Միխալ Բիլեկն անչափ գոհ է իր սաների անցկացրած մեկնարկային րոպեներից: «Մենք հիանալի էինք պաշտպանվում ու հիմա կարող ենք երջանիկ լինել, որ պահպանել ենք խմբից դուրս գալու հնարավորությունը: Բոլորն էլ հասկանում էին, որ պարտությունը մրցաշարի ավարտ կլինի մեզ համար: Վերջին խաղը կարելի է սկսել մտքով, որ մեզ ձեռնտու է նաեւ ոչ-ոքին, սակայն խաղալ նման կերպ՝ լավագույն որոշումը չէ: Պետք է պայքարել ու վաստակել միավորներ: Չենք պատրաստվում նախապես ոչ-ոքիի տրամադրվել»,- շեշտել է չեխը:
Լուս.՝ Getty Images-ի
Մեկնաբանել