
Արցախի արտգործնախարարը հանդիպել է Լիոնի քաղաքապետին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ու նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են պատերազմից հետո Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։
Լիոնի քաղաքապետն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել շրջափակումն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
Սերգեյ Ղազարյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջերմ ու բարեկամական վերաբերմունքն Արցախի հանդեպ և շնորհակալություն հայտնել հանդիպումը նախաձեռնելու համար»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
Մեկնաբանել