
Նիկոլ Փաշինյանը՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին
Այսօր կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից մեկնաբանություն խնդրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ: Մասնավորապես, ըստ պատգամավորի՝ խաղաղությանն ուղղված բանակցություններում Հայաստանը քանիցս հայտարարել է, որ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանից և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սակայն այս հայտարարությունները «որոշ շրջանակներ» ներկայացնում են որպես հրաժարում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ասաց, թե պետք է խորքային անդրադառնալ այն կոնցեպտին, որով հետապնդվել է Լեռնային Ղարաբաղի հարցը մեր անկախության տարիների ընթացքում:
Փաշինյանի կարծիքով՝ այդտեղ կա երկու մաս՝ մինչև Մադրիդյան սկզբունքները և Մադրիդյան սկզբունքներից հետո: Մինչև Մադրիդյան սկզբունքները, ըստ Փաշինյանի, հայկական կողմերի դիրքորոշումները եղել են այն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և Խորհրդային Միության փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը, ինչպես Խորհրդային Միության այլ սուբյեկտներ, իրացնելով ինքնորոշման իրավունքը, ստացել է անկախություն Խորհրդային Միությունից:
Փաշինյանի խոսքով՝ 2007թ․ իշխանության փոխանցման շրջանում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահը, այդ ժամանակ ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվել են և՛ տարածքային ամբողջականության սկզբունքը և՛ ինքնորոշման իրավունքի սկզբունքը:
«Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչ-որ մեխանիզմով, և այդ ճշգրտման մեխանիզմն, ըստ էության, պետք է համաձայնեցված լինի նաև Ադրբեջանի կողմից: Այստեղ շատ լրջագույն կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հայկական կողմի որոշմամբ, կոնցեպտը քանդվել է և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվել է համաձայնեցնել Ադրբեջանի հետ:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ փաստաթղթի տրամաբանությունն ու տերմինների թարգմանությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, նոր միայն ինքնորոշվի, հակառակ դեպքում ումից պետք է ինքնորոշվի:
«Սա մեր մեծագույն բացթողումն է, որ 2018-ից այդ ամեն ինչով հանդես չենք եկել և մեր ժողովրդին չենք բացատրել»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքից հետո պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կարծես թե արձագանքելու նպատակ չուներ, սակայն Նիկոլ Փաշինյանը ժեստերով պատգամավորին հասկացրեց, որ արձագանքի, որպեսզի ինքն էլ շարունակի խոսքը:
Պատգամավորն էլ հավելեց, թե շատ կարևոր արձանագրում է արվում:
«Այո՛, այդպես է»,-վարչապետի խոսքը հաստատեց Ա. Ջուլհակյանը՝ հավելելով՝ «տխուր է, բայց այդպես է»:
Վարչապետ Փաշինյանն էլ «մեկ դետալ ավելացրեց» իր խոսքին: Ասաց, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղին դուրս է թողել բանակցություններից և ինքն է փորձել ինքնորոշման հարցը պաշտպանել, ինչը դառնում է տարածքային վեճ:
Մեկնաբանել