HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով պաշտպանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր՝ ապրիլի 12-ին կայացավ Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի գործով առաջին դատական նիստը։

Սևակ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, որի հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ Աբրահամյանն այժմ կալանավորված է։

Նիստի մեկնարկին դատախազ Վազգեն Վարդանյանը առարկեց դատական նիստի տեսալուսանկարահանման վերաբերյալ, քանի որ քրեական գործում առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Ամբաստանյալի պաշտպան Արման Թամրազյանը հայտնեց, որ պաշտպանական կողմի դիրքորոշումն է՝ դատական նիստը պետք է լուսաբանվի։ Նրա խոսքով՝ քրեական գործի վրա որևէ նշում չի եղել, որ դա պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է կրում։ Բացի այդ, նիստին ներկա են նաև զոհված զինածառոյղների ծնողները, որոնք նույնպես կարող են լսել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն։ 

Թամրազյանն առաջարկեց պետական գաղտնիք համարվող փաստաթղթերն ուսումնասիրելիս նիստը դռնփակ անել։

«Շատ կարևոր է, որ հասարակության մեջ հստակ պատկերացում լինի, թե Սևակ Աբրահամյանին ներկայացված մեղադրանքը որքանով է համապատասխանում իրականությանը, և թե Սևակ Աբրահամյանի փոխարեն ում պետք է առաջադրվեր մեղադարանք, և որ պաշտոնատար անձինք են իրականում խախտել նորմատիվ իրավական ակտերի պահանջները, և որոնց խախտման արդյունքում առաջացել են այն հետևանքները, որոնք մեղսագրվել են Սևակ Աբրահամյանին»,- նշեց պաշտպանը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլատրեց դատական նիստը տեսալուսանկարահանել։ 

Այնուհետև ամբաստանյալի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Աբրահամյանի քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու մասին՝ մեղսագրված արարքի ապաքրեականացված լինելու հիմքով։

Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ 6-րդ պաշտպանական շրջանի (Մատաղիսի զորամաս) պաշտոնատար անձինք, այդ թվում՝ հրամանատար Սևակ Աբրահամյանը իրենց ծառայողական պարտականությունների նկատամամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով խախտել են «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 32-րդ, 41-րդ և 43-րդ հոդվածների պահանջները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Որպես ծանր հետևանք է դիտարկվել այն հանագամանքը, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին մի քանի ժամերի ընթացքում տվյալ ուղղությամբ հակառակորդը ճեղքել է Մատաղիսի զորամասի պաշտպանության բնագիծը և մխրճվել պաշտպանության խորքը։

Վարույթն իրականացնող մարմինը և հսկող դատախազը նշված կանոնների խախտումը և առաջացած ծանր հետևանքները գնահատել են որպես անզգուշությամբ կատարված և անզգուշությամբ առաջացած։

Պաշտպանի խոսքով՝ ակնհայտ է, որ Սևակ Աբրահամյանը չէր կարող ներքին ծառայության կանոնագրքի մի շարք հոդվածների պահանջները խախտել անզգուշությամբ, իսկ մի շարք այլ հոդվածների և մարտական կանոնադրության հոդվածների, ինչպես նաև կարգադրությունների և հրամանների պահանջները խախտել դիտավորությամբ։ 

«Ընդ որում, Սևակ Աբրահամյանին ներկայացված մեղադրանքում նշվել է, որ նա հակառակ ծառայության և պետության շահերի` չի ձեռնարկել սպառնացող վտանգը կանխելու համար բավարար և համարժեք միջոցներ։ Մեղադրանքում նկարագրված արարքը նույնպես վկայում է այն մասին, որ Սևակ Աբարհամյանին մեղսագրվել է արարքի անզգուշությամբ կատարում, հակառակ պարագայում, եթե Սևակ Աբրահամյանը հակառակ պետության և ծառայության շահերի դիտավորությամբ չձեռնարկեր սպառնացող վտանգը կանխելու համար բավարար և համարժեք միջոցներ, ինչպես նաև առաջացած հետևանքի նկատմամբ ունենար դիտավորություն, ապա նրա արարքը պետք է որակվեր այլ հոդվածով»,- ասված է պաշտպանի միջնորդությունում։

Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշմամբ՝ որպես ծանր հետևանք է վկայակոչվել այն հանգամանքը, որ «հակառակորդը մխրճվել է թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն, ինչն էլ հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի աջաթևյան հատվածում մարտնչող անձնակազմին, որի հետևանքով ՊԲ հրամանատարի որոշմամբ՝ 2020թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ 33651 զորամասի ողջ անձնակազմը հետ է քաշվել և զբաղեցրել նոր պաշտպանական բնագիծ` Մատաղիս-Մարտակերտ ուղղությամբ, ԱՀ Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ»։

Պաշտպանը նշում է, որ հակառակորդի կողմից պաշտպանության խորքը մխրճվելը՝ որպես անզգուշությամբ առաջացած ծանր հետևանք դիտարկելու պայմաններում, նույն պատճառով հետագայում Թալիշ և Մատաղիս գյուղերը հակառակորդի տիրապետության տակ անցնելը չի կարող դիտվել որպես դիտավորությամբ առաջացած ծանր հետևանք։ Թամրազյանը նշում է՝ 2022թ․ ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելուց հետո մինչև Սևակ Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը որևէ ապացույց ձեռք չի բերվել այն մասին, որ Սևակ Աբրահամյանը դիտավորությամբ է թույլ տվել որոշակի կանոնների խախտումներ և հետևանքներն առաջացել են դիտավորությամբ։

«Սևակ Աբրահամյան իր ցուցմունքներում հստակ նշել է, որ որևէ կանոն չի խախտել, կատարել է արձակված կարգադրությունների պահանջները, հակառակորդի շարժերի մասին 26092020թ․ և 27092020թ․ ստացված տեղեկությունները հստակ չեն վկայել մարտական գործողությունների վերսկսման վտանգի մասին, ինքը մինչև հակառակորդի հարձակումն սկսելը լիազորված չի եղել զորքը լրիվ մարտական պատրաստվածության աստիճանի բերելու որոշում կայացնելու համար, իսկ հակառակի մասին հետևությունները հանդիսացել են քննիչի և դատախազի ենթադրությունները»,- նշեց պաշտպանն իր միջնորդությունում։

Ըստ պաշտպանի՝ մեղադրական եզրակացության մեջ առկա ապացույցներով հնարավոր է միայն դատողություններ կատարել Սևակ Աբրահամյանի կողմից ենթադրաբար անզգուշությամբ արարք կատարելու մասին, որպիսի կարծիք է հայտնել նաև վարույթն իրականացնող մարմինը դատախազի համաձայնությամբ՝ դեպքի առթիվ քրեական վարույթն նախաձեռնելու մասին արձանագրություն կազմելով, ինչպես նաև Սևակ Աբրահամյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննության ընթացքում։  

2022թ․ ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով՝ քրեական պատասխանատվություն չի նախատեսվել և արարքն ապաքրեականացվել է, քանի որ նոր քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածը մարտական հերթապահության կանոնները խախտելը հանցանք է համարել միայն այն դեպքում, երբ այդ կանոնները խախտվել են դիտավորությամբ, իսկ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածը՝ մարտական հերթապահության կանոնների խախտման համար քրեական պատասխանատվություն է նախատեսել նաև, եթե այդ կանոնները խախտվել են անզգուշությամբ։

Պաշտպանը հայտնեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի հաշվառմամբ՝ Սևակ Աբրահամյանի նկատմամբ կիրառելի է 2022թ․ ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածը, այլ ոչ թե արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածը, իսկ 2022թ․ ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածը մարտական հերթապահության կանոնների անզգուշությամբ խախտումը հանցանք չի համարել։

Դատական նիստը հետաձգվեց։ Միջնորդության վերաբերյալ քննարկումը կշարունակվի հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 21-ին՝ ժամը 14:00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter