
Ռուսաստանը Հայաստանից պարզաբանումներ է խնդրել ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ
Մոսկվան Երևանից պարզաբանումներ է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ ապրիլի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք պաշտոնական պարզաբանումներ ենք խնդրել մեր հայ գործընկերներից նատօական զորավարժություններին նրանց մասնակցության վերաբերյալ։ Մեր արձագանքի շուրջ մենք կկողմնորոշվենք պատասխանն ստանալուց հետո»,- հայտարարել է նա։
Զախարովան նշել է, որ Հայաստանի կողմից իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից հրաժարումը «ափսոսանք է առաջացնում և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը»։ Ինչպես նշել է Զախարովան, Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է իր զորավարժություններին գործընկեր երկրների ակտիվ ներգրավման պրակտիկան ու «ձգտում վերափոխել այդ երկրների պաշտպանական համալիրները, ազդեցության լծակներ ստանալ նրանց ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա»։
«Ամենից առաջ, իհարկե, այդ ամենը վերաբերվում է հետխորհրդային տարածքին, որը ՆԱՏՕ-ի համար հանդիսանում է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման իրական դաշտ։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները փորձում են վարկաբեկել մեր երկրի հետ տարածաշրջանի երկրների համագործակցությունը, նրանց ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, դրանք ունեն հակառուսական բնույթ, եթե չասենք, երբեմն, ռուսատյաց»,- հայտարարել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Զախարովան նաև անդրադարձել է Ռուսաստանում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների նոր հնարավոր հանդիպման հարցին։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են Ռուսաստանում խաղաղության բանակցությունների շուրջ նոր հանդիպման առաջարկը, իսկ ժամկետների մասով Մոսկվան կհայտնի վերջնական պայմանավորվածությունից հետո։
«Խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս աջակցելու մեր ջանքերը չեն թուլանում։ Գործընկերներն ընդունել են մեր տարածքում երկկողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու առաջարկը։ Կոնկրետ միջոցառումների ժամկետների մասին մենք կտեղեկացնենք, երբ այդ ամենը վերջնականապես համաձայնեցվի»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։
Լուսանկարը՝ Sputnik / Евгений Одиноков
Մեկնաբանել