
Նիկոլ Փաշինյան. «Այսօր Հայաստանի ամենահարուստ սուբյեկտը կառավարությունն է»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանին մտահոգում էր, որ այսօր ընդդիմությունը կասկածի տակ է դրել վարչապետի խոսքը՝ համակարգային կոռուպցիայի վերացման վերաբերյալ: Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, նա վարչապետին խնդրեց ևս մեկ անգամ խոսել այդ մասին:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նորմալ է վերաբերում ընդդիմության առաջ քաշած թեզերին՝ ի հակադրումն իշխանական թեզերի: Սակայն իշխանությունն էլ պետք է պաշտպանի իր թեզը:
Վաչապետը հիշեց, որ 2018թ. ասել է 1-2 տարում պետական բյուջեն 30-40%-ով ավելացնելու հնարավորության մասին: 2022թ․ 2017 կամ 2018թ․ համեմատ պետական բյուջեի եկամտային մասը ավելի քան 2 մլրդ դոլարով ավելացել է: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման թիվ կոռուպցիայի պայմաններում հնարավոր չէ ապահովել:
Փաշինյանը բերեց ավիացիայի ոլորտի օրինակը, որ չէր զարգանում կոռուպցիայի պատճառով: Ըստ նրա՝ շրջանառվող լուրերի համաձայն՝ «կոռուպցիոն հայտնի շրջանակները» ամեն չվերթից ունեին փայեր և այլն:
Սակայն վարչապետի դիտարկմամբ՝ 2022թ․ ընթացքում ավելի քան 500 աշխատատեղ է բացվել ավիացիայի ոլորտում: Հայկական ավիաընկերությունները նույն տարում 900 հազար ուղևոր են տեղափոխել: Իսկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն աշխատում է իր հնարավորությունների «եզրին», որովհետև այնքան ինքնաթիռներ են վայրէջք կատարում և թռչում, որ խնդիր է առաջանում ուղևորների սպասարկելու մասով:
Վարչապետը խոսեց ճանապարհաշինության, դպրոցաշինության, բարձր աշխատավարձի մասին, որը նրա խոսքերով՝ ավելացել է կոռուպցիայի դեմ պայքարի հաշվին:
«Հայաստանում սոխ ներկրելու համար պետական դաբրո էր անհրաժեշտ, կոռուպցիան դա է»,- ասում է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այսօր Հայաստանի շուկան ազատականացված է և ով ինչ ցանկանա, կարող է ներկրել: Սակայն, չթաքցրեց, որ երկրում կան կոռուպցիոն երևույթներ և կաշառակերություն, որի դեմ այսօր պայքարում են:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ այսօր Հայաստանի ամենահարուստ սուբյեկտը կառավարությունն է, որովհետև այն միջոցները, որն ունի կառավարությունը, մասնավոր հատվածի ամենահարուստ մարդիկ կերազեն գոնե այդ միջոցների մի մասն ունենալ:
«Նրանք երբեք այդ միջոցները չեն տեսել»,-ասում է Ն. Փաշինյանը՝ ավելացնելով, որ ժամանակին եղել են մարդիկ, որոնց կարողությունը համեմատվել է պետության հարստության հետ:
Մեկնաբանել