
18 համալիր` արդյունաբերական խեցգետնաբուծությունը զարգացնելու համար
Կառավարությունը ապրիլի 13-ի նիստում հաստատեց Հայաստանում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026թթ․ ծրագիրը։
Առաջարկվում է հանրապետությունում հիմնել 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիր (12 փոքր, 3 միջին և 3 խոշոր)։ Տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով։ Փոխհատուցվող ընդհանուր գումարը 897 մլն դրամ է, որի համար անհրաժեշտ կլինի 2024, 2025 և 2026թթ․ պետական բյուջեից տարեկան 299 մլն դրամ հատկացնել։
Ծրագրի մշակումը պայմանավորված է հայրենական արտադրության խթանման նպատակով կիրառվող այլընտրանքային բնական պաշարների օգտագործման մակարդակի բարձրացման, տեղական արտադրության խթանման, ինչպես նաև արհեստական պայմաններում խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությամբ։
Ծրագի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև 2022թ․ հուլիսի 7-ի «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, որով ամրագրվում է 2024թ․-ից հանրապետության ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգով գործունեություն իրականացնելու հանգամանքը։ Մինչդեռ արդյունաբերական խեցգետնաբուծության տեխնոլոգիաներում արդեն իսկ կիրառվում է նման համակարգ։ Արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացումը միաժամանակ թույլ կտա հանրապետության ջրային տարածքներում վերականգնել վերջին տարիներին կտրուկ կրճատված խեցգետնի պոպուլյացիան։
Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը, առավելապես՝ Սևանա լճից, հանգեցրել է լճում դրա պաշարների կտրուկ նվազմանը։
Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ խեցգետնի բնական պաշարների ցածր մակարդակը և արտահանման ոլորտում ունեցած հաջող փորձը, իրացման ընդարձակ շուկայի առկայությունը ստիպում են քայլեր ձեռնարկել ապրանքային խեցգետնի արտադրության այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ։ Նախարարությունը արդյունավետ լուծում է համարում արհեստական եղանակով խեցգետինների բուծումը, ինչը կարող է զարկ տալ արդյունաբերական խեցգետնաբուծությանը։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել