HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ կինոն՝ դրոշմանիշերով

Ապրիլի 13-ին հայ կինոյի 100 ամյակի միջոցառումների շրջանակում Կինոյի տանը բացվել է նամականիշերի ցուցահանդես։ 

Նամականիշերը նվիրված են հայկական կինոյին, Հայաստանի և սփյուռքի կինոգործիչներին։ Դրանք երկար տարիներ խնամքով հավաքել է քիմիկոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Ժան Գյուլբենկյանը։

Դրոշմանիշերով նա տարվել է դեռ պատանի հասակում, դրանք հավաքելուն օգնել են ծնողները։ Հաճախել է կինոդիտումների և մի օր էլ զգացել է, որ սիրում է կինոն։ «Այդ ժամանակ ես արդեն հավաքում էի նամականիշեր, իսկ կինոյի հետ կապ ունեցող նամականիշեր շատ չկային։ Ամեն դեպքում, ես չէի կարող հավաքել դրոշմանիշեր մի բանի մասին, ինչից գաղափար չունեի», - ասում է հավաքածուի հեղինակը։ Ժան Գյուլբենկյանը պատմում է, որ մի ժամանակ իրենց ամբողջ տունը ողողված էր հայ և համաշխարհային կինոգրականությամբ՝ ամսագրեր, գրքեր, թերթեր։  «Այստեղ ներկայացված է միայն հայկական և սփյուռքի կինոգործիչների, կինոյի մասին դրոշմանիշեր, սա իմ ամբողջ հավաքածուի մեկ տասներորդ մասն է», - ասում է Գյուլբենկյանը։

Նրա դրոշմանիշերի մի մեծ հատված էլ վերաբերում է համաշխարհային կինոյին։ Ըստ Գյուլբենկյանի՝ կինոգործիչները ոչ միայն ռեժիսորներն ու դերասաններն են, այլև այն բոլոր մարդիկ, որոնք մասնակցել են կինոյի ստեղծման պատմությանը։ Հավաքածուի հեղինակը արդեն չի հիշում, թե դրոշմանիշերից շատերը ինչպես է ձեռք բերել, բայց կան դրոշմանիշներ, որոնք հատուկ պատմություն ունեն։ Փարաջանովի պատկերով դրոշմանիշների կողքին տեղադրված է նաև ռեժիսորի՝ կալանավայրից կնոջը և որդուն գրված նամակը։ Այն ձեռք բերելու համար Գյուլբենկյանը Փարաջանովի տուն-թանգարանի նախկին տնօրեն Զավեն Սարգսյանին տվել է 3 ամսագիր, որոնցում եղել են ռեժիսորին վերաբերող բացառիկ հոդվածներ։ 

Նամականիշերը հավաքելու համար Գյուլբենկյանից պահանջվել է գրեթե կես դար։ 

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։ «Ձեր հավաքածուն հույս է տալիս մտածելու, որ կինոն և կինոգործիչները մոռացված չեն, սա ահռելի աշխատանք է, որը չի կարող չգնահատվել», - դիմելով Գյուլբենկյանին՝ ասել է Հարություն Խաչատրյանը։

Մշակույթի վաստակավոր գործիչ, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանն էլ հիշեցրել է քիմիկոսի     հոր՝ կենսաբան Խորեն Գյուլբենկյանի ասածը․ «Ժանի հայրը տեսնում է, որ քիմիկոս տղան օր ու գիշեր դրոշմանիշ է հավաքում, ասում է՝ տղա ջան, դու որ այսպես քո մասնագիտությամբ զբաղվես, Նոբելյան մրցանակ կստանաս»։ 

Լուսանկարները՝ Կինոգործիչների միության

Աննա Հարությունյան, Հետք Մեդիա Գործարան

Դասախոս՝ Մարիամ Բարսեղյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter