HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԳՆ-ում քննարկվել են փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրները

Ապրիլի 14-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) ներկայացուցիչ Կավիտա Բելանիին:

Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նշանակման կապակցությամբ: Ներքին գործերի նախարարը, ընդգծելով Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատկապես շեշտել է վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, փախստականների հետ կապված օրենսդրության կատարելագործման, ապաստանի, քաղաքացիություն չունեցող անձանց հետ կապված հարցերն ու այլ ուղղություններ:

Վահե Ղազարյանը կարևորել է 2023-2024 թվականների ընթացքում միգրացիայի և ոստիկանության բարեփոխումներին ուղղված՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվող մի շարք միջոցառումներ:

Կավիտա Բելանին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փոխադարձ շնորհավորել է Վահե Ղազարյանին՝ Հայաստանի ներքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել՝ իր գոհունակությունը հայտնելով ՀՀ կառավարությանը և Հայաստանի ժողովրդին՝ անսահման հյուրընկալության և վեհանձնության համար` ընդգծելով դրանք որպես լավագույն փորձ։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող միջոցառումները: Կավիտա Բելանին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին այն քայլերի համար, որոնք իրականացվել են քաղաքացիություն չունեցող անձանց խնդրի կարգավորման ուղղությամբ: Նա նշել է, որ անհրաժեշտ է միավորել ուժերը՝ մինչև այս տարվա վերջ Հայաստանում ապաքաղաքացիությունը վերացնելու նպատակով:

Կողմերը նաև քննարկել են աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությունը՝ ուղղված տարբեր երկրներից ժամանած և տարիներ շարունակ Հայաստանում բնակվող փախստականների խնդրի լուծմանը: Մասնավորապես կարևորվեց փախստականների կողմից Հայաստանի քաղաքացիության ձեռք բերումը, որպեսզի նրանք շարունակեն Հայաստանն իրենց տունը կոչել և մշտապես հաստատվեն։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter