HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը հորդորում է քրեական վարույթ նախաձեռնել Ա. Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ

Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում է ՀՀ պատկան մարմիններին, այդ թվում՝ Գլխավոր դատախազին քրեական վարույթ նախաձեռնել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ` այդպիսով բացառելով Հայաստանի Հանրապետությունում ընտրովի արդարադատության իրականացումը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ս.թ. մարտի 31-ին Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները տեղեկություններ տարածեցին այն մասին, որ նույն օրը Ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ընթացքում պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, ինչի հետևանքով վերջինս վնասվածք է ստացել:

Դրանից երկու օր անց սփյուռքահայ Կարեն Մկրտչյանի կողմից սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր թիկնապահներին կարգադրել է բռնել Մկրտչյանին և թքել է վերջինիս վրա  այն բանից հետո, երբ Մկրտչյանն ԱԺ նախագահին «դավաճան» է անվանել։ Ալեն Սիմոնյանը ոչ միայն չհերքեց այս տեղեկությունները, այլև անուղղակիորեն հաստատեց դրանք, նախ` այդ կապակցությամբ արդարացման,  իսկ հետո` ներողության տեքստեր տարածելով սոցիալական ցանցերում:

Մինչ առաջին միջադեպի հետ կապված քրեադատավարական գործընթացներն իրենց սպասեցնել չտվեցին, և արդեն ս. թ. ապրիլի 12-ին ՀՀ գլխավոր դատախազը ներկայացավ Ազգային ժողով պատգամավոր Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, երկրորդ դեպքում նույն Գլխավոր դատախազը ցուցաբերում է ակնհայտ անգործություն, և չկա որևէ նշան, որ երկրորդ միջադեպը ևս, առերևույթ հանցակազմի նշաններ պարունակելով հանդերձ, կստանա պատշաճ քրեաիրավական գնահատական: Նշաններ չկան նաև, որ այս հարցով կզբաղվի Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը: 

Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայկական կողմը հիշեցնում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի` մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդու անօտարելի արժանապատվությունը` մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը: Ըստ այդմ` մարդու արժանապատվությունն է ընկած Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձի մասնավոր կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիությունը, ինչպես նաև անձի նկատմամբ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքի հիմքում։  Բոլոր իրավունքները համընդհանուր են, անբաժանելի, փոխկախյալ և փոխկապված, և չկան պաշտպանության ենթակա ավելի կամ պակաս կարևոր իրավունքներ: Կարևոր է ընդգծել նաև, որ մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքը Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի 2-րդ հոդվածով ամրագրված է որպես Համաձայնագրի էական բաղադրիչ: 

Հաշվի առնելով վերոգրյալը` ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայկական կողմը հորդորում է Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին, այդ թվում՝ Գլխավոր դատախազին քրեական վարույթ նախաձեռնել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ` այդպիսով բացառելով Հայաստանի Հանրապետությունում ընտրովի արդարադատության իրականացումը»։

Տեղեկանք 

Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության Պլատֆորմը մարմին է, որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ- CEPA) 366 հոդվածին համապատասխան։

Այն հնարավորություն է տալիս երկու կողմերի քաղհասարակության կազմակերպություններին իրենց ներդրումն ունենալ Համաձայնագրի կիրարկմանը՝ քաղհասարակության գիտելիքներն ու փորձը որոշում կայացնողներին տրամադրելու, ՀԸԳՀ-ով նախանշված բարեփոխումները մշտադիտարկելու միջոցով, իրականացման ամբողջ ընթացքում տեղեկացնելով շահագրգիռ անձանց լայն շրջանակներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter