1924թ.-ին Լենինականում ստեղծվել է հայկական առաջին օպերա-օպերետային թատրոնը
20-րդ դարասկզբին Ալեքսանդրապոլ-Լենինականում, գավառական գործկոմի որոշմամբ, 1924թ-ին, կազմակերպվում է սովետահայ օպերա-օպերետային թատրոնը: Այդ որոշումը կայացնելիս, գավգործկոմը, թերեւս, նկատի էր ունեցել Ալեքսանդրապոլում 1912թ-ին Անուշ օպերայի բեմադրությունն ու արձանագրած հաջողությունը: Օպերային թատրոնի կազմակերպիչն ու ոգեշնչողն է դառնում Շարա Տալյանը՝ աջակցությամբ բանաստեղծ Ազատ Վշտունու:
Թատրոնի ստեղծագործական կազմը հավաքելիս երաժիշտ կադրերը հրավիրվում են Թիֆլիսից: Լենինականի օպերա-օպերետային թատրոն են գալիս Դ.Վենեցիանով-Իսահակյանը, Լևոն Իսեցկի-Հովհաննիսյանը, Հայկանուշ Տեր-Դանիելյանը, Հայկ Դանզասը, Մարիաննա Սեդմարը, Թ. Լիսիցյանը, Ն.Մազովեցկայան, պարողներ՝ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան), Ի.Սերգեևը, ռեժիսոր Վ.Վալերյանով-Չիսլյանը, նկարիչ՝ Գրիգոր Շարբաբչյանը և ուրիշներ: Թատրոնի դիրիժոր է հրավիրվում երիտասարդ դաշնակահար Ալեքսանդր Մելիք-Փաշայանը:
Նվագախումբն ու երգեցիկ խումբը կազմված էին 25-ական մարդուց: Սովետահայ առաջին օպերա-օպերետային թատրոնը բաղկացած էր 170-180 հոգուց:
«Նոր ակոսը» (1924թ., հ. 8), Լենինականի օպերա-օպերետային թատրոնի խմբի կազմավորման առթիվ գրում է. «Խմբի կազմակերպման սկզբնական շրջանում շատերն են եղել հոռետես, բայց երբ խումբը հունիսի սկզբներին մտավ Լենինական և ցույց տվեց իր համառ աշխատանքների արդյունքը, բոլորը միաբերան գոչեցին. «Իրոք, սա մի հսկայական գործ է»: Այդ հոդվածում բնութագրվում է նաև օպերային թատրոնի առավել աչքի ընկնող գործիչների արվեստը;
Լենինականի օպերա-օպերետային թատրոնը և նրա ունեցած դերակատարությունը հիանալիորեն է բնութագրել Ա.Վ.Լունաչարսկին: Շիր-կանալի բացմանը մասնակցելու համար Լենինական ժամանած Լունաչարսկուն երեկոյան հրավիրում են օպերա: «Ինչպե՞ս թե օպերա, ահա հենց այս թալանված Լենինականու՞մ»,-զարմացած բացականչում է Լունաչարսկին: Արդեն ներկայացումից հետո, պաշտոնյան պիտի հիացմունքով խոսեր տեսածի մասին, որ տպագրվել է «Սովետական Հայաստան» թերթի 1924թ.-ի սեպտեմբերի 12-ի համարում:
«Այո, այստեղ կա օպերա և այն էլ՝ հայկական առաջին օպերան՝ Հայաստանի ողջ գոյության ընթացքում: Հարկ չկա ուսեր թոթվելու դրա առթիվ: Մարդիկ շատ ազգային վիրավորանքներ են կրել և այսօր հսկայական եռանդ լարելով՝ նորից սկսում են հիմնել իրենց տնտեսությունը, իրենց կենցաղը, և նրանք սաստիկ ցանկություն ունեն հենց այժմ ունենալ քաղաքակրթություն...քաղցր պտուղ, մի որևէ մխիթարական բան, մի որևէ ուրախություն ու իսկ և իսկ այնպիսին, որ միացներ իր մեջ ազգային օրինական զգացմունքը և բաղձանքը՝ հաղորդակից լինելու համաշխարհային քաղաքակրթության ամենաճոխ արտահայտություններին: Եվ ահա Լենինականում կազմակերպվում է օպերա: Թե նվագախումբը և թե երգիչները, իհարկե, ստանում են չնչին բան, սակայն թատրոնի դահլիճը այնուամենայնիվ լի է ծայրեծայր, և հայ հասարակությունն առաջին անգամ լսում է սեփական լեզվով ռուսական և եվրոպական օպերաներ: Այդ լուսավորված դահլիճի շքեղ տպավորությունը, գեղեցիկ կերպով զարդարված բեմը, օտար լեզվով նշանավոր երգերի երգելը և դահլիճը լցրած հանդիսականների ուշադրությունը, ահա այդ է իմ վերջին տպավորությունը Լենինականի մասին»:
Օպերետային թատրոնի բեմից 1924թ-ի հունիսի 17-ին հնչում է Գունոյի «Ֆաուստ» օպերան: Այս դեպքում երիտասարդ հանրույթը գործ ուներ դասական ստեղծագործության հետ, որը միաժամանակ փորձաքար էր՝ ցուցադրելու նորաստեղծ թատրոնի կատարողական արվեստի կարողություններն ու հնարավորությունները: «Ֆաուստ»-ը հայ բեմում երևացել էր դեռևս անցյալ դարի 90-ական թվականներին: Թիֆլիսում այս գողտրիկ օպերայի միայն մեկ գործողությունն է բեմադրվում, որին մասնակցում են անվանի երգչուհի Մագթաղինե Գենջյանը(Մարգարիտ) և երգիչ Եղիազարյանը (Ֆաուստ):
Սակայն «Ֆաուստ»-ն ամբողջությամբ՝ ընդհուպ Վալպուրգյան գիշերվա բարդ տեսարանով, առաջին անգամ բեմադրվում է Լենինականի օպերա-օպերետային թատրոնի ուժերով: Ներկայացման մեջ ներգրավված էին տաղանդավոր երգիչներ, որոնց կատարողական արվեստը հաջողություն է բերում թատրոնին: Ժամանակի մամուլը գովեստով է արտահայտվել Շարա Տալյանի(Ֆաուստ), Վենեցիանովի և Իսեցկու(Մեֆիստոֆել), Մազովեցկայայի ու Հ.Տեր-Դանիելյանի(Մարգարիտ) և մյուսների մասին: Ներկայացման ռեժիսորն էր Վ. Վալերիանով-Չիսլյանը, դիրիժորը՝ Ա.Մելիք-Փաշայանը:
1924թ-ի օգոստոսին, Լենինականի օպերա-օպերետային խմբի ուժերով, առաջին անգամ հայերեն լեզվով ներկայացվում է ռուս կոմպոզիտոր, մի շարք օպերաների հեղինակ Ա. Ռուբինշտեյնի գլուխգործոցը՝ «Դևը» օպերան: Ստեղծագործությունը գրվել է 1871թ-ին, ըստ Մ. Լերմոնտովի համանուն պոեմի, և անմիջապես ենթարկվել գրաքննության ու արգելվել: Առաջին անգամ լայն հանրությանը ներկայացվել է արգելքից 4 տարի անց: Կարելի է ասել, որ նման ստեղծագործությունը Լենինականում բեմ հանելն ևս նշանակալից իրադարձությունն էր թե ստեղծագործական խմբի, թե՝ արվեստասեր հանրության համար:
Հայերեն լեզվով հնչած հաջորդ օպերան Բիզեի «Կարմենն» էր, որ ցնծությամբ է ընդունվում հանդիսականի կողմից: Կարմենի դերում հանդես է գալիս Մարիաննա Սեդմարը, Խոսեի՝ Շարա Տալյանը: Մամուլն ակտիվորեն արձագանքում է այս իրադարձությանը: «Մարտակոչը» գրում է. «Շարա Տալյանը Խոսեի դերում ցույց տվեց իր ձայնի թովիչ տեմբրը և բարեխիղճ երաժշտական կատարումը՝ արտահայտելով մի շարք դրամատիկ հուզիչ պատկերներ»:
Այնուհետև բերմադրվում են Իմրե Կալմանի «Սիլվա» օպերետան, Չայկովսկու՝ «Եվգենի Օնեգին» օպերան, Մասկոտիի՝ «Գեյշա», «Հարեմի գաղտնիքները», «Կարմիր արև» երաժշտական կատակերգությունները:
Սակայն օպերա-օպերետային թատրոնը երկար կյանք չունեցավ: Հայաստանի կառավարությունը դեռևս անհրաժեշտ միջոցներ չուներ նյութապես ապահովելու ստեղծագործական մեծաքանակ հանրույթի, որի յուրաքանչյուր նոր բեմադրությունը մեծ ծախսերի հետ էր կապված: Երկու ամիս Լենինականում և մեկ ամիս Երևանում ներկայացումներ տալուց հետո, խումբը ցրվում է: 1925թ-ին համախմբելով մի շարք արտիստների՝ Շարա Տալյանը ստեղծում է օպերետային մի փոքրիկ խումբ: Խաղացանկում ունենալով «Անուշ», «Սայաթ-Նովա» երաժշտական դրամաները, «Սիլվա», «Բայադերա», «Թագավորը զվարճանում է», «Հարեմի գաղտնիքները» օպերետաները, խումբը շրջագայության է մեկնում Միջին Ասիա, այնուհետև Մոսկվա, Խարկով, Կրասնոդար, Հյուսիսիային Կովկասի մի շարք հայաբնակ վայրեր և վերադառնում Երևան՝ ամեն տեղ արժանանալով մեծ ընդունելության:
Լենինականի օպերա-օպերետային թատրոնը համարվում է հայ պետական օպերային թատրոնի նախակարապետը: Նրա ստեղծումից միայն 8 տարի անց, 1932թ-ին, Երևանում հիմնվում է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
Հոդվածի պատրաստման համար տեղեկատվական աղբյուր են ծառայել Ռազմիկ Մադոյանի «Գյումրու թատրոնը 1865-1965թթ.» և Ց.Բրուտյանի ու Ա. Անասյանի «Շարա Տալյան» ստեղծագործությունները
Գլխավոր լուսանկարը՝ Լևոն Լաճիկյանի՝ «Գյումրու թատրոնի պատմական շենքը» գծանկարն է
Մեկնաբանել