
Ռուսական զորքերի կողմից Սլավյանսկի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի
Ռուսական զորքերը հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքը։ Դրանք ընկել են բնակելի բազմահարկ շենքերի շրջանում, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Վադիմ Լյախը։
Նրա խոսքով՝ գիշերը փրկարարները փլատակների տակից հանել են մի կնոջ մարմին։ Կիևի ժամանակով առավոտյան 08:00-ի դրությամբ՝ փլատակների տակ մնում է ևս 5 մարդ։ Նրանց ինքնությունը պարզվել է։ Եվս երեք բնակչի մասին ոչինչ հայտնի չէ։
Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Երմակը, ռուսական զորքերը հրթիռակոծել են թիվ 8 դպրոցի հարակից շրջանը։ Պնդվում է, որ առնվազն 7 պայթյուն է գրանցվել։
Նախօրեին Դոնեցկի մարզի մարզային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտնել էր 8 զոհի և 21 վիրավորի մասին։ Զոհերի թվում կա երկամյա երեխա։
Երմակի խոսքով՝ հրթիռներն ընկել են հինգհարկանի երեք շենքի վրա, որից երկուսում հրդեհ էր սկսվել։ Շրջակա շենքերը ևս վնասվել էին։ Ինչպես գրում է Կիրիլենկոն, դպրոցը ևս վնասվել էր պայթյունի հետևանքով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է տեղի ունեցածը:
«Սլավյանսկ: Բռնազավթիչները դաժանորեն հրթիռակոծել են քաղաքը։ Հրթիռներն ընկել են բնակելի շենքերի վրա։ Ցավոք՝ կան վիրավորներ ու զոհեր։ Չարիք պետությունը հերթական անգամ ցուցադրում է իր էությունը։ Ուղղակի օրը ցերեկով սպանելով մարդկանց։ Ավերելով, ոչնչացնելով ողջ կենդանի էակներին»,- գրել է նա։
Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը։
Լուսանկարը՝ Դոնեցկի մարզային զինվորական վարչակազմի
Մեկնաբանել